Home / Հայաստան / «Հայացված» Բունտմանից առաջ «Էխոյի» ոչ մի լրագրող չի մեկնի Ադրբեջան. խմբագիր

«Հայացված» Բունտմանից առաջ «Էխոյի» ոչ մի լրագրող չի մեկնի Ադրբեջան. խմբագիր

Ռուսաստանյան «Эхо Москвы» ռադիոկայանի ոչ մի լրագրող չի մեկնի Ադրբեջան, մինչև դա չկարողանա անել գլխավոր խմբագրի տեղակալ Սերգեյ Բունտմանը: Այս մասին ռադիոկայնի եթերում հայտարարել է ռադիոկայանի գլխավոր խմագիր Ալեքսեյ Վենեդիկտովը:

Բունտմանի ղարաբաղյան այցելությունից հետո, որի ընթացքում  լրագրողը մի շարք հարցազրույցներ է անցկացրել Արցախի ղեկավարների հետ, Ադրբեջանի ԱԳ նախարարությունը նրան «մտցրել է այն անձանց ցուցակի մեջ, որոնք անցանկալի են համարվում Ադրբեջանի համար»:

Մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումներն այն մասին, որ ռադիոկայանի խմբագրի տեղակալը մեկ քառորդով հայ է` Վենեդիկտովը հայտարարել է. ««Էխո»-ի աշխատակիցը  կարող է ցանկացած ազգի ներկայացուցիչ լինել: Գլխավորն այն է, որ նա պրոֆեսիոնալ կերպով անի իր աշխատանքը: Սերգեյը հիանալի է կատարել իր աշխատանքը, նա լավագույնս է վարում հարցազրույցները: Դուք չեք կարող որևէ կողմնակալություն գտնել կայքում հրապարակված նրա հարցազրույցում:

Ադրբեջանն արգելել է Բունտմանին մուտք գործել Ադրբեջանի որևէ հատված, բացառությամբ Ղարաբաղից, այդ ժամանակ միգուցե թո՞ւյլ տաք նա երեք չորրորդ մասով մեկ ա՞յլ տեղ մեկնի: Այս արգելքը նման է սեփական ոտքին կրակելուն: Մենք պետք է իմանանք, թե ինչ է այնտեղ կատարվում, դա մեր աշխատանքն է, թեև ես հասկանում եմ Ադրբեջանի ԱԳ նախարարության դիրքորոշումը: Սակայն, բացեմ գաղտնիքը, Ստեփանակերտի հարցազրույցից հետո Բունտմանը պետք է մեկներ Բաքու  և Ղարաբաղի վերաբերյալ հարցազրույց աներ նախագահ Իլհամ Ալիևի կամ ԱԳ նախարարի հետ:

Նշեմ նաև, որ Ադրբեջանի հետ մենք առանց վիզային ռեժիմի ենք համագործակցում և երկիր մուտք գործելու համար Ռուսաստանի քաղաքացիներին հատուկ թույլտվություն անհրաժեշտ չէ»:

Այն հարցին, թե ինչու լրագրողը նախևառաջ չի գնացել Բաքու, Վենեդիկտովը նշել է, որ մինչ այժմ ռադիոկայանին մեղադրում էին ադրբեջանամետ դիրքորոշման մեջ: «Մարդիկ ասում են, որ մեր ռադիոյից դուրս չեն գալիս Իլհամ Ալիևը և Հեյդար Ալիևը, Գուսման եղբայրները: Այժմ մեղադրում են հայամետության մեջ: Մինչ այժմ մենք 3 անգամ հարցազրույցներ ենք ունեցել Իլհամ Ալիևի հետ և ոչ մի անգամ Սերժ Սարգսյանի: Ես անձամբ պայմանավորվել էի նրա հետ այդ հարցազրույցի վերաբերյալ, մեկնել եմ Երևան, սակայն հարցազրույցը չկայացավ: Այնուհետև գնաց Բունտմանը և հարցազրույցը ստացվեց: Էական չէ`ով, էական է` ինչպես»:

Վենեդիկտովը նաև նշել է, որ Բունտմանն առաջին անգամ է գնացել Ղարաբաղ և այնտեղ այցելել է իր պապիկի գյուղ: «Ոչ մի դատապարտելի բան չեմ տեսնում դրանում: Կրկնվում եմ, բայց պիտի ասեմ, որ իր առաքելությունը հիանալի կերպով իրականացրել է»:

«Էխո»-ի ղեկավարը հայտարարել է, որ մտադիր է դիմել ՌԴ ԱԳ նախարարությանը` փորձելով հարթել խնդիրը. «Մենք պետք է վերականգնենք այն իրավիճակը, երբ մեր լրագրողը կարողանա երկու երկրներում էլ  լինել»: