Home / Հայաստան / Բաքուն Հայաստանից հրավեր չի ստացել

Բաքուն Հայաստանից հրավեր չի ստացել

Ադրբեջանի կրթության նախարարը  Բոլոնյան գործընթացի շրջանակներում Երևանում անցկացվող միջոցառումներին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել հայ գործընկերոջից:

«Միջոցառմանը մասնակցելու հրավեր մենք դեռ չենք ստացել: Սակայն, եթե անգամ ստանանք այդ հրավերը, ապա միջոցառման մասնակցության հարցը քննարկվելու է Ադրբեջանի ԱԳ նախարարության հետ, քանի որ սա արտաքին քաղաքականության հարց է»,- Vesti.Az-ի հետ զրույցում հայտնել է կրթության նախարարության մամլո ծառայության ղեկավար Բայրամ Հուսեյնզադեն:

Ավելի վաղ Հայաստանի կրթության և գիտության նախարարության մամլո ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ նախարար Արմեն Աշոտյանը Երևան է հրավիրել նաև Թուրքիայի կրթության գլխավոր խորհրդի նախագահին:

Բոլոնյան գործընթացը 2011 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը  համանախագահելու են Հայաստանը և Լեհաստանը: Այդ կապակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Բոլոնյան գործընթացի օրակարգի շրջանակներում, նախատեսել է Հայաստանում իրականացնել մի շարք միջոցառումներ:

2011թ. հուլիսի 3-10-ը նախատեսվում է կազմակերպել Միջազգային ուսանողական ամառային դպրոց, որի նպատակն է համախմբել Հայաստանի  և Բոլոնիայի անդամ երկների ուսանողներին և քննարկել Բոլոնիայի գործընթացին առընչվող մի շարք կարևոր հարցեր, իսկ սեպտեմբերի 8-9-ը նախատեսվում է անցկացնել միջազգային համաժողով` նվիրված բարձրագույն կրթության ֆինանսավորման խնդիրներին: