Home / Հայաստան / Սարգսյանին ու Ալիևին պատրաստում են խաղաղության

Սարգսյանին ու Ալիևին պատրաստում են խաղաղության

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլա Սարկոզին Հայաստանին ու Ադրբեջանին կոչ են արել «քաղաքական կամք դրսևորել և ավարտել [Լեռնային Ղարաբաղի կարգավորման] Հիմնական սկզբունքների շուրջ տարվող աշխատանքը հունիսին կայանալիք հայ-ադրբեջանական գագաթաժողովի ընթացքում»:

«Հետագա ձգձգումը հարցականի տակ կդնի պայմանավորվածություններին հասնելու կողմերի պատրաստակամությունը:

Մենք հաստատում ենք, որ միայն բանակցությունների միջոցով կարգավորումը կարող է հանգեցնել խաղաղության, կայունության և հաշտեցման` հնարավորություններ ստեղծելով տարածաշրջանի զարգացման ու համագործակցության համար», – ասված է Մեդվեդևի, Սարկոզիի ու Օբամայի ընդունած հայտարարության մեջ:

Նախագահները համոզված են, որ «ժամանակն է, որ հակամարտության կողմերը քայլ առաջ անեն դեպի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը»:

Ըստ նախագահների` այսօրվա անկայությունը ուժի կիրառման արդյունքն է: «Դրա կրկնակի կիրառումը միայն նոր դժբախությունների պատճառ կդառնա և կդատապարտվի միջազգային հանրության կողմից: Մենք կոչ ենք անում կողմերին բնակչությանը նախապատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի»:

Մեդվեդևը, Օբաման և Սարկոզին արձանագրել են, որ հակամարտության կողմերի և համանախագահող երկրների ջաքերով զգալի առաջընթաց է ապահովվել:

«Հիմնական սկզբունքների վերջին տարբերակը, որը քննարկվել է Սոչիում մարտի 5-ին, արդար և հավասարակշռող հիմք է համապարփակ խաղաղ կարգավորման համար», – ասված է համատեղ հայտարարության մեջ:

Ըստ նախագահների` այս փաստաթուղթը հնարավորություն է տալիս կողմերին հաղթահարել այսօրվա իրավիճակը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: