Home / Հայաստան / Սասուն Միքայելյան. «Սա ոչ թե համաներում է, այլ համարյա ներում»

Սասուն Միքայելյան. «Սա ոչ թե համաներում է, այլ համարյա ներում»

«Ես իմ արդարության համար պայքարել եմ, նշանակություն չունի` համաներմամբ եմ ազատվել թե ոչ: Ես անմեղ դատապարտյալ եմ եղել, համարում եմ, որ սա ոչ թե համաներում է, այլ համարյա ներում», – լրագրողների հետ զրույցում ասել է քիչ առաջ ազատ արձակված քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը;

«Իմ գիտակից կյանքում ես երբեք չեմ սխալվել, և երեք տարի երեք ամիս կալանքը ես կրել եմ իմ ազգի ազատության համար: Բնականաբար, շարունակելու եմ իմ պայքարը` ինչքան դժվարություն էլ լինի: Իմ նկատմամբ իշխանությունները նման բան պիտի չանեին»- ասել է նա:

«Ես միշտ եղել եմ իմ ազգի զինվորը ու շարունակելու եմ ծառայել իմ ազգին»,- ավելացրել է քաղբանտարկյալը:

Իր հետագա անելիքների մասին հարցին Միքայելյանը պատասխանել է, որ բոլոր հարցերում մնալու է Հայ Ազգային Կոնգրեսի դիրքորոշմանը և անելու է այն, ինչ Կոնգրեսը ճիշտ համարի:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին դավաճանելու մասին զրույցներին, ապա, Միքայելյանի խոսքով, Սերժ Սարգսյանը եղել է իր մարտական ընկերը:

«Ես նրան չեմ դավաճանել, պարզապես մենք քաղաքական տարբեր դիրքորոշումներ ունենք», – ասել է նա:

Այս պահին Սասուն Միքայելյանը ՔԿՀ-ից ուղևորվում է Կոնգրեսի գչասենյակ:

Նշենք, որ Սասուն Միքայելյանին ՔԿՀ-ի մոտ դիմավորողների թվում էր նաև «Սարդարապատ» շարժման նախաձեռնող Ժիրայր Սեֆիլյանը: