Home / Հայաստան / Հայաստանում ալևս ոչ մի քաղբանտարկյալ չի լինելու. Լևոն Տեր-Պետրոսյանը շնորհավորեց

Հայաստանում ալևս ոչ մի քաղբանտարկյալ չի լինելու. Լևոն Տեր-Պետրոսյանը շնորհավորեց

Այսօր կեսօրից հետո Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակից Կոնգրեսի ներկայացուցիչները` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, ինչպես նաև երեկ ազատ արձակված քաղբանտարկյալներ Սասուն Միքայելյանի, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ուղևորվեցին  դեպի Հրազդան քաղաք: Հրազդան ուղևորվող մեքենաների թիվը մի քանի հարյուրի էր հասնում, որոնց մեջ նստած մարդիկ մեքենաներից պարզել էին դրոշները:

Հրազդան քաղաքի մուտքի մոտ ավտոշարասյունը կանգ առավ, քանի որ այնտեղ հրազդանցիները սեղան էին գցել և երգ ու պարով, ոչխար մորթելով` դիմավորեցին բոլորին: Այդտեղ միմյանց շնորհավորելուց հետո ավտոշարասյունը շարժվեց դեպի Սասուն Միքայելյանի ծննդավայր` Վանատուր, որտեղ բոլորին սպասվում էր մեծ անակնկալ` ամբողջ գյուղը ցնծում էր` Աասուն Միքայելյանի ազատվելու կապակցությամբ: Ճանապարհին ևս մի ոչխար մորթեցին ու դարձյալ երգելով ու պարելով քայլեցին դեպի Վանատուրի հրապարակ, որտեղ անցկացվեց փոքրիկ հանրահավաք, որի ժամանակ ելույթ ունեցան երեկ ազատված քաղբանտարկյալներ Սասուն Միքայելյանը, Նիկոլ Փաշինյանը և ՀՀ առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Սիրելի ժողովուրդ, ես երկար չեմ խոսելու, որովհետև, եթե երկար խոսեմ, ամսի 31-ի հանրահավաքին դուք չեք գա: Ինչ-որ ասեմ, ես այնտեղ պիտի ասեմ », – դիմելով մարդկանց` ասել է ՀՀ առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Այսօր ընդամենը ուզում եմ շնորհավորել բոլորիդ երեք տոնի առթիվ` երեք տոն, որոնք մեր ազգի պատմության փառահեղ էջերից պետք է համարել: Առաջինը Սարդարապատի ճակատամարտն էր, երկրորդ` Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման օրը և երրորդը` քաղբանտարկյալների ազատ արձակման օրը», – ասել է Տեր-Պետրոսյանը:

Նրա խոսքով` այս օրը խորհրդանիշ պիտի դառնա և ժողովուրդը պիտի հասնի նրան, որ «ում մտքով էլ անցնի ինչ-որ մեկին քաղաքական հայացքների համար, քաղաքական գործունեության համար բանտ նետել, այդ մարդը պիտի անիծվի, և Հայաստանում ալևս ոչ մի քաղբանտարկյալ չի լինելու»:

Առաջին նախագահը հատուկ շնորհավորել է վանատուրցիներին և շնորհակալություն հայտնել իրենց հերոսական պայքարի համար:

«Դուք ինքներդ էլ չզգացիք երևի, թե ինչ արեցիք, դուք դարձաք Հայ Ազգային Կոնգրեսի, Հայաստանի համաժողովրդական շարժման ամենամարտունակ ջոկատներից մեկը: Երկրրոդը մեր հերոսական Հյուսիսային պողոտայի և այսօրվա Սարյան պուրակի ժողովուրդն էր, երրորդը` նույնպես հավասար, մեր երիտասարդական կազմակերպություններն էին, որ Կոնգրեսի կողքին, Կոնգրեսի ներսում դարձել են այսօր մեր ամենամարտական ջոկատներից մեկը: Մարտական ասելով` ես նկատի ունեմ քաղաքակիրթ, ժողովրդավարության ստեղծման ճանապարհի ավանգարդները: Ես ուզում եմ այստեղ մի հոգու էլ նշել, որ ուխտ էր պահել, մորուքը սափրել այսօր: Դա մեր սիրելի Արշոն է, որ այս երեք տարվա մեջ  երևի հոգեպես ամենամեծ տառապանքները կրեց», – ասել է Տեր-Պետրոսյանն ու կատակով ավելացրել. «Դե Սասունի ու Նիկոլի մասին ոչ մի բան չեմ ուզում ասել, որ երես չառնեն»: