Home / Հայաստան / Համաներումն անբավարար է ժողովրդավարության առաջընթացին հասնելու համար. ԱԺ պատգամավոր

Համաներումն անբավարար է ժողովրդավարության առաջընթացին հասնելու համար. ԱԺ պատգամավոր

Այսօր ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նամակ է հղել ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտաքին գործերի նախարար Աուդրոնյուս Աժուբալիսին, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին, ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Դիկ Մարտիին, ԵԽԽՎ մոնիտորինգի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ալեքս Ֆիշերին և Ջոն Պրեսկոտին, մի շարք այլ եվրոպական կառուցյների պաշտոնատար անձանց:

Նամակում Զարուհի Փոստանջյանը նշում է, որ այսօր ինքը՝ որպես «Էլեկտրոնային` օն-լայն լրատվամիջոցների ազատությունը» թեմայով ԵԽԽՎ գիտության, կրթության և մշակույթի հանձնաժողովի կողմից նշանակված զեկուցող, հրավիրված էր մասնակցելու Բելգրադում տեղի ունեցող «Ինտերնետ կառավարման համաեվրոպական երկխոսություն» համաժողովին:

«Սակայն այս իմ պարտականությունը, ցավոք, չեմ կարողանա կատարել, որի պատճառն է բանտախցում հանիրավի պահվող և արդեն 20-րդ օրը հացադուլի մեջ գտնվող իմ եղբոր` Տիգրան Փոստանջյանի վերաբերյալ մտահոգությունս:

Իշխանության կողմից ընդդիմության, և մասնավորապես` «Ժառանգության» հանդեպ նոր որակի քաղաքական հետապնդումներ են սկսվել: Իմ քաղաքական գործունեության հետ կապված ապօրինի քրեական հետապնդում սկսվեց եղբորս դեմ, իսկ 2011 թվականի մարտի 4-ին Հատուկ քննչական ծառայությունը քրեական հետապնդում է հարուցել իմ և «Ժառանգություն» կուսակցության մեկ այլ պատգամավոր` Արմեն Մարտիրոսյանի դեմ, իբրև թե մենք ոչ վտանգավոր բռնություն ենք գործադրել ոստիկանների նկատմամբ: Մինչդեռ այս գործով մենք տուժող ենք, քանի որ Երևանի Հանրապետության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության պատգամավորների և մի խումբ խաղաղ ցուցարարների բողոքի գործողությունը ոստիկանների կողմից ապօրինի և բռնի ուժի կիրառմամբ խոչընդոտվել է», – նշված է Փոստանջյանի նամակում:

ԱԺ պատգամավորը նաև հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2011 թվականի մայիսի 26-ին ընդունվեց համաներման մասին ակտը, որը պաշտոնապես ողջունեցին պարոնայք Աուդրոնյուս Աջուբալիսը` ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտաքին գործերի նախարար, Ալեքս Ֆիշերը և Ջոն Պրեսկոտը` ԵԽԽՎ մոնիտորինգի Հայաստանի հարցով համազեկուցողներ:

«Ես տեղեկացված եմ Ձեր կողմից իրականացված աշխատանքի մասին` բանտախցերում հանիրավի հայտնված մարդկանց ազատ արձակման համար, և նաև Ձեր կողմից գործադրած ջանքերի շնորհիվ է, որ ընդունվեց համաներման ակտը և բանտախցերում հանիրավի հայտնված անձանց մի մասին սկսել են բաց թողնել:

Իհարկե, եթե չլինեին միջազգային կազմակերպությունների կողմից մշտադիտարկումները և եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հնարավորություն չունենային օգտվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված իրավունքների պաշտպանությունից, ապա, ինչպես ստալինյան ժամանակաշրջանում, այնպես էլ մեր օրերում մարդկանց հանիրավի կդատապարտեին ազատազրկման, «Գուլագ» աքսորի և մահապատժի: Իհարկե, հասկանալի է նաև Ձեր ուղերձը ՀՀ իշխանություններին, քանի որ ավտորիտար ռեժիմների իշխանության կրողները փորձում են հնարավորինս երկար օգտագործել անօրինական ուժ գործադրելու կարողությունը:

Ցավով պետք է նշեմ, որ Ձեր ուղերձները և ողջույնները միշտ չէ, որ նպաստում են որակական փոփոխություններին:

Առ այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ապրում են 21-րդ դարի հակաժողովրդական և հակաժողովրդավարական ավտորիտար ռեժիմներից մեկի ներքո: Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անունից այս պահին հանդես են գալիս այնպիսի անձինք, ովքեր հանրային իշխանության լիազորություններ են ձեռք բերել ոչ թե արդար, թափանցիկ և հավասար պայմաններում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում, այլ 2008 թվականի մարտի 1-ի ողբերգությունից հետո, ապօրինի արտակարգ դրություն հայտարարելու ընթացքում, երբ օգտագործվեցին ՀՀ զինված ուժերը:

Որքան էլ որ ապօրինի ռեժիմների հետ բանակցելիս կարևոր է պատանդ վերցված անձանց ազատության հասնելը` միայն այս ձեռքբերումը չի կարող բերել ավտորիտար ռեժիմի կողմից իր ապօրինի գործելակերպի փոփոխությանը: Այնպես որ, այս համաներումն էլ, ինչպես դա արդեն տեղի է ունեցել 2009 թվականին, խիստ անբավարար քայլ է ժողովրդավարության որակական առաջընթացին հասնելու համար, քանի դեռ դատական համակարգը մնում է լիովին կախվածության մեջ ոչ լեգիտիմ գործադիր իշխանությունից:

Հուսով եմ, որ տարիներ շարունակ քաղաքական բանտարկյալներ պահող, մարտի 1-ի մեղավորներին չբացահայտող, ներկայումս քաղաքական պատանդներ վերցնող, մարդկանց իրավունքներն ու Հայաստանի և միջազգային օրենսդրությունը մշտապես ոտնահարող իշխանության հետ բանակցությունների հաջորդ փուլը կվերաբերի իրական համակարգային բարեփոխումների իրականացմանը, որոնց արդյունքում կունենանք օրինական ճանապարհով ձևավորված իշխանություն», – ասված է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության, Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանի նամակում: