Home / Հայաստան / Հայկական եթերը ռուսաստանյանի օրինակով առաջարկում է «գտնել սերը»

Հայկական եթերը ռուսաստանյանի օրինակով առաջարկում է «գտնել սերը»

«Ուզո՞ւմ եք գտնել ձեր սերը` զանգահարեք մեզ»: Հայաստանյան հեռուստատեսությունը շարունակում է կրկնօրինակել ռուսաստանյան հաղորդումները: ATV հեռուստաալիքի նոր ծրագիրը կոչվում է «Արի ամուսնանանք, կամ խնամախոս»: Հաղորդավարներից մեկը Հայաստանի վաստակավոր արիտիստուհի, «Հոգու և Պարի» թատրոնի գեղարվեստական ղեկավար Սոֆի Դևոյանն է:

Հաղորդման շրջանակներում փեսացուն (կամ հարսնացուն) երեք թեկնածուներից ընտրում է մեկին որպես պոտենցիալ կին (ամուսին):

Հերթական հաղորդման փեսացուն էր 23-ամյա Գևորգը, ով աշխատում է որպես բարմեն: Բացի երևանյան բնակարանից, ունի նաև առանձնատուն քաղաքից դուրս: Գևորգը ցանկանում է «ընտանիք ստեղծել և 4 երեխա լույս աշխարհ բերել»:

Բոլոր պոտենցիալ թեկնածու հարսնացուները նրա հասակակիցներն են: Աղջիկների հետ ծանոթանալիս Գևորգը համբուրում է նրանց ձեռքը: Առաջին հարսնացուն` Տաթևիկը, սովորում է Երևանի Պետական ճարտարագիտական համալսարանում («Պոլիտեխնիկ»): Տաթևիկը խիստ ամաչում է, խոսում է քիչ, հիմնականում այն ժամանակ, երբ ստիպված է հարցերին պատասխանել: Ի տարբերություն Գևորգի, ով ցանկանում է «ընտանիք ստեղծել», Տաթևիկն ուզում է «լավ ընկեր» գտնել (հիշեցնենք, որ հաղորդման ձևաչափի համաձայն մարդիկ պետք է ընտանիք կազմեն, ոչ թե ընկերներ գտնեն): Տաթևիկը հաղորդմանը եկել է նույնպես ընկերոջ հետ: Ավելի ուշ վերջինս նախատում է ընկերուհուն ավելորդ համեստության համար: «Իսկ ի՞նչ խոսեի: Հո ամեն ինչ միանգամից չէ՞ի ասի»,-պատասխանում է «ընկերասեր» աղջիկը:

Հարսնացուներից  յուրաքանչյուրը պետք է փեսացուին նվեր մատուցի`անակնկալի տեսքով:  Տաթևիկը որոշել էր «ընկերական-պլատոնական» սիրային քառատող նվիրել Գևորգին: Ցավոք սրտի, բանաստեղծության իմաստը փոխանցելը մի փոքր բարդ է: Քառատողի առանցքային բառերն էին`«միակ», «սիրտ», «ճակատագիր», «ընդմիշտ»…Աղջկան իր սենյակ ուղեկցելիս Գևորգը եզրակացրեց. «Տաթևը համեստ է, բայց բարդույթավորված»:

Հաղորդման հաջորդ մասնակիցը Նարինեն է: Հենց նա էլ հետագայում կարժանանա բոլոր երեք հաղորդավարուհիների հավանությանը: Նարինեն ընկերուհու հետ է եկել`պայքարելու Գևորգի սրտի համար: Երկրորդ հարսնացուն անմիջապես առանձնանում է ակտիվությամբ, չի ամաչում, անհանգստության նշաններ չի ցուցաբերում:

Նարինեն սիրում է վառ գույներ, սիրած ծաղիկը վարդն է: Ցանկանում է ամուր ընտանիք ստեղծել և հաղորդման փեսացուի պահանջածից երկու անգամ քիչ երեխաներ ունենալ: Տղամարդկանց մեջ Նարինեն գնահատում է անկեղծությունը: Հարցին`ինչպիսին պիտի լինի ընտանիքը, նա պատասխանեց`«Իդեալական»:

Նարինեի մասին շատ տեղեկություններ չեն հաղորդվում`սիրահարված է եղել, ընկերություն է արել, չի ներել կեղծիքը:

Պատասխանելով հաղորդավարների սադրիչ հարցին՝ արդյոք «կցանկանար ապրել փեսացուի ընտանիքի հետ», Նարինեն չշփոթվեց. «Ինչպես ինքը (փեսացուն) ցանկանա, կարևորը սերն է»:

Երկուսն էլ պատրաստել կարողանում են: Նարինեն նշեց, որ առնաձնանում է սպագետի պատրաստելու իր կարողությամբ: Գևորգը ստիպեց աղջկան նաև խոստովանել, որ թխվածքներ էլ է կարողանում պատրաստել: Թվում էր, թե ոչինչ չի կարող խաթարել այդ իդեալական իրավիճակը, սակայն աղջիկը որոշեց երգել: Հարսնացուն երգեց Սիրուշոյի «Հավատում եմ» երգը: Փեսացուն էլ որոշեց աջակցել Նարինեին, նա վերցրեց աղջկա ձեռքը և նրանք սկեցին դանդաղ պտտվել`«հավատացնելով միմյանց» հետագա երջանկության մեջ:

Երկու կողմի ընկերներն էլ անմիջապես հավանություն տվեցին «Նարինե + Գևորգ» տարբերակին:

Վերջապես երրորդ թեկնածուն`ուսանողուհի Լիանան է: Սիրում է պարել, սիրած ծաղկի դերում կրկին հանդես է գալիս վարդը, իսկ նրա ընտրյալը պետք է «հետաքրքիր անձնավորություն լինի»: Երեխաների հարցում նա նույնպես չբավարարեց Գևորգի չափանիշներին`ցանկանալով հետագայում մեկ տղա և մեկ աղջիկ լույս աշխարհ բերել: Մի փոքր ինքնահավան է, բնավորության այս գիծը դուր չի գալիս նաև Լիանային: Հաղորդավարների հարցին` մինչև որ տարիքն է հավատացել Ձմեռ Պապիկին, Լիանան պատասխանեց «մինչև 12 տարեկան», այնուհետև խոստովանեց, որ այժմ նույնպես հավատում է: Երկրորդ տարբերակը հաղորդավարներին ավելի դուր եկավ: «Հրաշքներին միշտ պետք է հավատալ», – հավելեց հաղորդավարը`անցնելով ռուսերենի:

Իր մասին պատմելիս՝ Լիանան նշեց , որ սիրահարված է եղել և ընկեր է ունեցել, այնուհետև, մի փոքր մտածելով, հավելեց`«երկու անգամ եմ սիրահարված եղել»:

Լիանան որպես նվեր որոշել էր Գևորգին շոկոլադ հյուրասիրել: «Թող քո կյանքն այս շոկոլադի պես քաղցր լինի»,- հավելեց թեկնածու-հարսնացուն:

Հաղորդման արդյունքում խնամախոս հաղորդավարները միասնաբար Գևորգին առաջարկեցին ընտրել երկրորդ թեկնածուին`Նարինեին: Գևորգին, ամենայն հավանականությամբ, չէին զգուշացրել, որ ինտրիգը պահպանելու համար պետք է հարսնացուի անունը մինչև հաղորդման վերջ չասել, և փեսացուն անմիջապես տեղեկացրեց, որ ընտրելու է հենց Նարինեին:

Ի վերջո, Գևորգն այդպես էլ վարվեց`մտնելով աղջկա սենյակ և ձեռքը բռնած դուրս բերելով դահլիճ: Երիտասարդներին շնորհավորեցին և հաջողություն մաղթեցին:

Այսուհետ «բոլոր միայնակ սրտերը կարող են գտնել միմյանց» ATV հեռուստաալիքի եթերում: Զանգահարեք հետևյալ հեռախոսահամարով…