Home / Հայաստան / Սարգիս Հացպանյանն առայժմ բանտում է «չարամիտ խախտումների» պատճառով

Սարգիս Հացպանյանն առայժմ բանտում է «չարամիտ խախտումների» պատճառով

Քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանի վրա տարածվում է ինչպես այս համաներումը, այնպես էլ 2009-ի համաներումը, սակայն իշխանությունները այս անգամ ևս կամայականություններ են դրսևորում և նրան բաց չեն թողնում: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Քաղբանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեի համակարգող Վարդան Հարությունյանը:

«Ես հնարավոր եմ համարում, որ նրան այս անգամ էլ բաց չեն թողնի, որովհետև համաներման հայտարարումից անցել է  արդեն մի քանի օր, իսկ նա դեռ ազատված չէ»,- ասել է Հարությունյանը:

Epress.am-ը Հացպանյանի հետ կապված մեկնաբանություն է խնդրել նաև ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության հասարկայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանից: Վերջինս նշել է, որ այն հոդվածի վրա, որով մեղադրանք է առաջադրվել Սարգիս Հացպանյանին, համաներումը տարածվում է, սակայն, Բաբայանի խոսքով, «նա կարգապահական կարգի չարամիտ խախտում է կատարել» և այդ պատճառով էլ այս պահին նրա վրա համաներումը չի տարածվել:

Միևնույն ժամանակ, Արսեն Բաբայանը տեղկացրել է. «Երբ որ սկսեցինք ազատումը, այն մարդիկ, որոնց գործերը համապատասխանում էին համաներման որոշմանը, ազատվեցին, սակայն հիմա երկրորդ փուլով ուսումնասիրվում են գործեր, այդ թվում` Սարգիս Հացպանյանի գործը»:

Նշենք, որ այսօր Հացպանյանը, ով պահվում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում, նամակ է ուղարկել Հայ Ազգային Կոնգրեսին, որում նշում է, որ, թեկուզ անազատության մեջ, բայց շարունակելու է մնալ «համաժողովրդական ու արդար պայքարի առաջամարտիկների շարքերում»:

Լուսանկարը` Azatutyun.am-ի