Home / Հայաստան / Հունիսի 25-ին Մեդվեդևը լուրջ ճնշում կգործադրի Սարգսյանի ու Ալիևի վրա. Դե Վաալ

Հունիսի 25-ին Մեդվեդևը լուրջ ճնշում կգործադրի Սարգսյանի ու Ալիևի վրա. Դե Վաալ

Վերջին շրջանում միջազգային նորությունների տարափի մեջ ներելի էր չնկատել նախագահներ Մեդվեդևի, Օբամայի և Սարկոզիի Դովիլյան հայտարարությունը, որը վերաբերում էր ղարաբաղյան հակամարտությանը: Մինչդեռ դա տարիների ընթացքում արված տվյալ խնդրին վերաբերող ամենալուրջ միջազգային հայտարարությունն է, The National Interest պարբերականում գրում է բրիտանացի փորձագետ, «Սև այգի» գրքի հեղինակ Թոմաս դե Վաալը:

Նա նշում է, որ մայիսի 26-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների կողմից արված հայտարարությունը հստակ ցույց է տալիս, որ «ճշմարտության պահը» մոտեցել է:

«Հունիսին Կազանում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը, թիկունքում ունենալով ամերիկացի և ֆրանսիացի բանակցող կողմերը, լուրջ ճնշում է գործադրելու, որպեսզի նախագահներ Սարգսյանն ու Ալիևը վերջապես ստրոագրեն Հիմնական սկզբունքների փաստաթուղթը, որի շուրջ բանակցություններն ընթանում են արդեն 5-ից ավելի տարի», – գրում է դե Վաալը:

Իր հոդվածում նա ներկայացնում է Հիմնական սկզբունքների առանցքային կետերը, համաձայն որոնց հայկական ուժերը հերթականությամբ կլքեն Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքները, Լեռնային Ղարաբաղը «միջանկյալ կարգավիճակ կստանա», ինչը նրան միջազգային լեգիտիմություն կտա, բայց ոչ լիարժեք անկախություն, բացի դա, Ղարաբաղը ապագայում հանրաքվե անցկացնելու խոստում կստանա՝  «օրենքի ուժ ունեցող կամարտահայտում»՝  տարածքի ապագա կարգավիճակը որոշելու համար:

«Բայց այստեղ կասկածներ են ի հայտ գալիս: Չնայած կուլիսիների հետևում նախագահները բանակցություններ են վարում, հանրության առջև նրանք շարունակում են մաքսիմալիստական դիրքորոշում ներկայացնել: Նման հռետոռությունը հատկապես կոպիտ է Ադրբեջանի կողմից: Դովիլի հայտարարությունից մեկ օր անց Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը Հայաստանի նախագահին անվանեց «հանցագործ», իսկ Հայաստանի կառավարությանը՝ «ֆաշիստական ռեժիմ», որը պետք է «գահընկեց անել»:

Եվ այստեղ հերթը հասնում է քաղաքական կամքին: Արդյո՞ք Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները անվերջորեն օգտագործում են ղարաբաղյան գործընթացը միջազգային հանրության «բարությունը» շահելու և սեփական ժողովուրդներից հավատարմություն պահանջելու համար, իսկ իրականում նրանք լուրջ չեն մտածում խաղաղության համաձայնագիր ստրոգրելու համար: Թե՞ նրանք իրականում նվիրված են խաղաղության գաղափարին, ինչը թույլ կտա սկսել  տարածաշրջանի վերափոխման գործընթացը, բայց կապկպված են սեփական ազգային դիսկուրսով և քաղաքական հռետորությամբ ու վախենում են առաջ շարժվել: Թե՞ երկու գործոններն էլ ինչ-որ չափով առկա են:

Հենց այս պատճառով ես ողջունում եմ դովիլյան հայտարարության հետևյալ կետը՝ «հետագա ձգձգումը հարցականի տակ կդնի պայմանավորվածություններին հասնելու կողմերի պատրաստակամությունը»: Այլ կերպ ասած, դա նշանակում է՝ «Մենք այժմ աշխատանքային փաստաթուղթ ունենք: Ապացուցեք, որ լուրջ եք վերաբերվում դրան և ստրոագրեք այն»», – գրում է բրիտանացի փորձագետը:

Դե Վաալը նշում է, որ այս ամենը նաև միջազգային կամքի հարց է:
«Գերտերությունները նույնպես պետք է լուրջ վերջաբերվեն հարցին: Քանի դեռ երկրների ներսում չի նկատվում լուրջ աջակցություն խաղաղությանը, միջազգային տերությունները պետք է ամրություն հաղորդեն նախագահների որոշումներին և փողզիջումների նոր դիսկուրս ձևավորեն: Ռուսաստանը, ԱՄՆ և Ֆրանսիան միասին լավ են աշխատում բանակցային գործընթացի ժամանակ, սակայն, հաշվի առնելով Կովկասում նրանց հետաքրքրությունների տարբերությունը և երկու երկրների հետ հարաբերությունները, շատ դժվար կլինի միասնական հետհակամարտային կայունություն ստեղծել: Որքան Կազանի հանդիպումը մոտենում է, այնքան Կովկասում խաղաղության ու պատերազմի համար կատարվելիք խաղադրույքները մեծանում են», – եզրափակում է Դե Վաալը: