Home / Հայաստան / Կոնգրեսը որոշել է` ով է մասնակցելու իշխանությունների հետ երկխոսությանը

Կոնգրեսը որոշել է` ով է մասնակցելու իշխանությունների հետ երկխոսությանը

Հունիսի 2-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի Քաղխորհրդի արտահերթ նիստ:

Նիստում քննարկվել է Հայ Ազգային Կոնգրեսի` իշխանությունների հետ երկխոսության պատվիրակության կազմը: Քաղխորհուրդը հաստատել է պատվիրակության հետևյալ կազմը.

Լևոն Զուրաբյան – Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող (պատվիրակության ղեկավար)

Դավիթ Շահնազարյան – Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ

Վահագն Խաչատրյան – Հայ Ազգային Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ, Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար

Ֆելիքս Խաչատրյան – Հայաստանի ժողովրդական կուսակցության վարչության քարտուղար

Սամվել Աբրահամյան – ՀՀՇ վարչության փոխնախագահ

Հիշեցնենք, որ մայիսի 31-ի հանրահավաքին Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ ՀԱԿ-ն առաջիկա օրերին կորոշի իրենց պատվիրակության կազմը, որը բաղկացած կլինի 3–5 հոգուց, և իշխանությանը կներկայացնի երկխոսության օրակարգը։

«Բնականաբար, նույնը պետք է անի նաև իշխանությունը՝  թե՛ պատվիրակություն կազմավորելու, թե՛ սեփական օրակարգը ներկայացնելու առումով։ Կոնգրեսի օրակարգը հայտնի է՝  արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացում։ Բայց դա չի նշանակում, թե մենք չպետք է հաշվի առնենք նաև իշխանության ներկայացրած օրակարգն ու հակաառաջարկները, այլապես կխախտվի կողմերի իրավահավասարությունը», – ասել էր Տեր-Պետրոսյանը:

Երեկ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը Epress.am-ի հետ զրույցում ասել էր, որ իրենք առաջիկայում քննարկելու են Կոնգրեսի հանրահավաքին հնչած պատվիրակությունների մակարդակով երկխոսության հարցը և կայացվելու են համապատասխան որոշում:

«Պատվիրակների մասնակցության ֆորմատը որոշողը երկրի նախագահն է, ՀՀԿ ղեկավարը», – ասել էր Սահակյանը:

Ինչ վերաբերում է հնարավոր պատվիրակության կազմին, ապա, ըստ Սահակյանի, երկխոսողների թիվը պետք է սահմանափակ լինի, քանի որ բանագնացների մեծ թիվը լավագույն տարբերակը չէ: