Home / Հայաստան / Բերման ենթարկված ծաղկավաճառներին բաց են թողել. պայքարը շարունակվում է

Բերման ենթարկված ծաղկավաճառներին բաց են թողել. պայքարը շարունակվում է

Այսօր առավոտվանից Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն համայնքի թաղապետարանի աշխատակիցները փորձել են արգելել Աբովյան փողոցի վրա ծաղիկների վաճառք իրականացնել:

Ավելի վաղ ծաղկավաճառները Epress.am-ի հետ զրույցում նշել էին, որ մայիսի 31-ին քաղաքապետարանի  առևտրի բաժնի վարիչի տեղակալ Արման Եդոյանը ծաղկավաճառներին հայտնել է, որ եթե ուզում են այդ վայրում ծաղիկ վաճառել, պետք է տեղադրեն իրենց պատվիրած սեղանները, որոնց համար պետք է կանխիկ 1000-ական դոլար վճարել:

Ծաղկավաճառներից Նարինե Վարդանյան և Հեղինե Պողոսյանը տեղեկացրել են, որ նույն օրը երեկոյան, երբ իրենք միմյանց հետ զրուցելիս բարձրաձայն իրենց վրդովմունքն են արտահայտել այդ որոշման դեմ` հայտարարելով, որ «սա իշխանություն չի» և իրենք չեն տեսնում ժողովրդի մասին իշխանության կողմից ոչ մի մտահոգվածություն, տվյալ վայրում կայանած սև մեքենայից մի մարդ է դուրս եկել և ասել. «Բա ինչ պիտի անեք, որ չտաք, գլուխներդ կջարդեմ: Ո՞ւմ հասցեին եք խոսում»:

Ծաղկավաճառներին նշել են, որ այդ մարդը քաղաքապետի վարրոդն է, և երեկ ու այսօր ծաղկավաճառների նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքը նրանք համարում են հաշվեհարդար իրենց նկատմամբ, որն իրականացվում է իրենց դժգոհությունների պատճառով:

Epress.am-ի թղթակիցը փորձել է Աբովյան փողոցի տվյալ հատվածում գտնվող քաղաքապետարանի և թաղապետարանի ներկայացուցիչներից որևէ մեկնաբանություն ստանալ, սակայն նրանցից ոչ ոք չի ցանկացել խոսել, իսկ նրանցից մեկը, ով չի ներկայացել, առաջարկել է դիմել լրատվության բաժին:

Երբ Epress.am-ի թղթակիցը ցանկացել է նկարել այդ մարդուն, նա ասել է. «Ասա՝  կայնի նկարեմ, ի՞նչ ես գողեգող նկարում: Կամ դու ինձ հարցրե՞լ ես, որ նկարում ես»:

Լրագրողը պահանջել է «դուք»-ով խոսել և նշել է, որ կատարում է իր աշխատանքը, բացի այդ, նշված վայրում լուսանկարելու համար թույլտվությունը պարատդիր չէ:

Ծաղկավաճառները նշել են, որ Եդոյանը՝ իմանալով, որ տվյալ վայրում լրագրողներ կան` ճողոպրել է: Այնուհետև,երբ լրագրողները հեռացել են, ծաղկավաճառների խոսքով, Եդոյանը ժամանել է իր շքախմբով, ոստիկանների հետ միասին և պահանջել է ծաղիկները հավաքել:

Հիշեցնենք, որ երեկ ծաղկավաճառներից երկուսին ժամը 13.00-ի սահմաններում  տարել էին ոստիկանություն և բաց էին թողել  միայն ժամը 18.00-ի սահմաններում` չընդունելով վերջիններիս բողոքը: Այնուհետև երեկոյան ժամը 23.00-ի սահմաններում ծաղկավաճառներին նորից հրավիրել են ոստիկանություն և նշել, որ իրենք կարող են ներկայացնել բողոքը, որի պատասխանը խոստացել են տալ երկուշաբթի: