Home / Հայաստան / Րաֆֆի Հովհաննիսյանը հաջողություն է մաղթել իշխանության և ընդդիմության երկխոսությանը

Րաֆֆի Հովհաննիսյանը հաջողություն է մաղթել իշխանության և ընդդիմության երկխոսությանը

«Սա դեռ հանրահավաք չէ, սա մեր առաջին վերադարձն է Ազատության հրապարակ, որտեղ միասին անցկացրինք զօր ու գիշեր», – այսօր Ազատության հրապարակում իր համակիրների ներկայությամբ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Այնուհետև նա անդրադարձավ համաներմամբ ազատ արձակված քաղբանտարկյալներին և շնորհավորեց նրանց ազատվելու կապակցությամբ: «Իրենք երբեք պետք է բանտարկված չլինեին: Երեք և ավելի տարիների ուշացումով  կայացավ այդ ազատ արձակումը: Երեկ նաև քաղաքական բանտարկյալ Տիգրան Փոստանջյանը ազատ արձակվեց, մնում է  Հացպանյանը և Բոջոլյանը և շատ ուրիշներ, ովքեր այս անարդար եղանակով  գտնվում են անազատության մեջ: Ուշացումով է տեղի ունենում մեր երկրում շատ բան»,- ասել է Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Հայ Ազգային Կոնգրեսի և իշխանությունների երկխոսությանը` «Ժառանգության» նախագահը հաջողություն է մաղթել  բանակցողներին և նշել, որ իրենք  ողջունում են դա և միշտ էլ ողջունել են հրապարակային և հանրային երկխոսություններն ու  բանակցությունները:

«Եթե հայտնի երկխոսությունը բերի արտահերթ ընտրությունների, այս ահավոր կործանարար իրավիճակի արտահերթ լուծման, մենք միայն կողջունենք այդ արտահերթ լուծումը և կգանահատենք թե իշխանության, թե ընդդիմադիր մեր գործընկերների այդ բանակցությունը: Չենք քննադատում, ամենայն անկեղծությամբ կողջունենք և կմասնակցենք այդ արտահերթ ընտրություններին` ինչ հերթականությամբ, որ դրանք տեղի ունենան, բայց եթե դրանից բացի կա մի այլ օրակարգ, որը գնում է պայմանավորվածությունների, որտեղ կդիտարկվեն այլ հարցեր, Արցախի հիմնահարցում անընդունելի զիջումներ, Թուրքիա-Հայաստան հարաբերություններում անընդունելի քաղաքականության շարունակություն, այստեղ, իմ կարծիքով, արդեն ժողովուրդը կասի «ոչ» մեղսակից համագործակցությանը»,- ասել է  Րաֆֆի Հովհաննիսյանը: