Home / Հայաստան / Երևանում խմելու ջրից թունավորվելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Երևանում խմելու ջրից թունավորվելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Երևան քաղաքի Նուբարաշեն թաղամասի բնակիչների` խմելու ջրից թունավորվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի հատկանիշներով, հաղորդում է ՀՀ դատախազությունը:

ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնում հարուցված քրեական գործով պարզվել է, որ  2011թ. հունիսի 3-ին` ժամը 19:00-ից մինչև 2011թ. հունիսի 4-ի 11:00-ն ընկած ժամանակահատվածում` աղիքային ինֆեկցիա ախտորոշմամբ «Նորքի ինֆեկցիոն» հիվանդանոց են տեղափոխվել Երևան քաղաքի Նուբարաշեն 11 փողոցի թվով 25 բնակիչներ:

Նյութերի ուսումնասիրությամբ, նախնական տվյալների համաձայն, պարզվել է, որ աղիքային ինֆեկցիայի պատճառ է հանդիսացել խմելու ջուրը: Մասնավորապես` Ազատ գետի վարարելու հետևանքով  2011թ. մայիսի 31-ի գիշերվանից սկսած չի գործել «Գառնի» պոմպակայանը, որի պատճառով ջրատարում ջրի ճնշումը նվազել է: Արդյունքում` Նուբարաշեն թաղամասի շենքերը ջրազրկվել են կամ էլ ունեցել են թույլ ճնշմամբ ջուր: Նուբարաշեն թաղամասի  11-րդ և 9-րդ փողոցների հատման կետում հայտնաբերվել է վնասված հատված, որի պատճառով նշված փողոցի ջրամատակարարումը դադարեցվել է:

Հարուցված քրեական գործով իրականացվել են առաջնահերթ քննչական գործողություններ, առգրավվել է վնասված ջրատար խողովակաշարի նմուշներ: Քաղաքացիներից վերցվել են տարբեր ժամանակահատվածներում հավաքած ջրի նմուշներ և նշանակվել է սանիտարահիգիենիկ փորձաքննություն: Հիվանդանոց դիմած շուրջ 54 քաղաքացիների նկատմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, ներգրավվել են համապատասխան մասնագետներ, hարցաքննվել  է 44 մարդ:

Դատախազությունը նշում է, որ նախաքննությունը շարունակվում է և փորձագիտական եզրակացությունները ստանալուց հետո կկայացվեն համապատասխան որոշումներ: