Home / Հայաստան / Bribespot-ում հայաստանյան կոռուպցիայի մասին երկու դեպք են գրանցել

Bribespot-ում հայաստանյան կոռուպցիայի մասին երկու դեպք են գրանցել

Երևանում գրանցված 2 կոռուպցիայի դեպքերի մասին հաղորդագրություն է տարածվել Bribespot (Կոռուպցիայի թեժ կետ) կայքի միջոցով: Bribespot-ը ծրագիր է, որը թույլ է տալիս աշխարհի յուրաքանչյուր հատվածում գտնվող անհատին կոռուպցիայի մասին հաղորդագրություն տարածել: Կայքի նախաձեռնությունը պատկանում է Էստոնիայի, Լիտվայի, Ֆինլանդիայի և Իրանի ներկայացուցիչներից բաղկացած միջազգային թիմին: Bribespot-ը հիմադրվել է Էստոնիայի մայրաքաղաք Տալինում 2011 թվականի  ապրիլին:

Հայաստանից անանուն օգտատերի կողմից հրապարակված հաղորդագրության  համաձայն, առաջին դեպքում, «ոստիկանության սպան 10000 դրամ կաշառք է պահանջել նոր մեքենայի գրանցման գործընթացն արագացնելու համար»: Օգտատերը նաև նշում է, որ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 2-ին` 11:55-ին, Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու փողոցում:

Համաձայն կայքի, երկրորդ դեպքը տեղի է ունեցել հունիսի 3-ին Երևանի Էրեբունի թաղամասում, այն նույնպես առնչվում է ոստիկանությանը, որտեղ, օգտատերի հաղորդագրության համաձայն, 30000 դրամ կաշառք են վերցրել:

«Որքան շատ են կոռուպցիայի մասին հաղորդագրությունները որևէ կոնկրետ տարածքում, այդքան ավելի տեսանելի են կոռուպցիայի թեժ կետերը քարտեզի վրա»,- ասված է կայքում:

«Ահա թե որտեղից է իսկական փոփոխությունը սկսվում»,-հավելում են կայքի նախաձեռնողները: