Home / Հայաստան / Ղարաբաղի կարգավիճակը չպետք է էականորեն տարբերվի այսօրվա կարգավիճակից. միջնորդ

Ղարաբաղի կարգավիճակը չպետք է էականորեն տարբերվի այսօրվա կարգավիճակից. միջնորդ

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում համաձայնության գալու վերաբերյալ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների առաջարկը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքներից հայկական ուժերի դուրսբերմանը` Լաչինի միջանցքի պահպանմամբ, փախստականների վերադարձին այդ տարածքներ, ինչպես նաև անվտանգության երաշխիքների ապահովմանն այն երկրների կողմից, որոնք կարող են դա անել, այսինքն` ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից: Այնուհետև, մինչ վերջնական խաղաղության ստորագրումը, ինչը կարող է կյանքի կոչվել միայն այդ տարածքում  հանրաքվե անցկացնելուց հետո, գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակի հարցը:

Հատուկ կարգավիճակը չպետք է էականորեն տարբերվի այն կարգավիճակից, որ ներկայումս ունի Լեռնային Ղարաբաղը: Այդ ընթացքում անհրաժեշտություն կառաջանա այդ ժամանակավոր գոյացության միջազգային ճանաչման համար: Ըստ Regnum-ի, այս մասին Nowa Europa Wschodnia-ի հետ զրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի տարածքում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Միևնույն ժամանակ, նրա խոսքով, դեռ բազմաթիվ չպարզված հարցեր են մնացել:

«Օրինակ, եթե խոսում ենք միջանցքի մասին, որը Հայաստանը Լեռնային Ղարաբաղին է միացնում, ապա հայտնի է, որ այն պետք է մնա: Ադրբեջանը պաշտոնապես համաձայն է դրան: Սակայն անհրաժեշտ է համաձայնեցնել մանրամասները, այսինքն` թե ինչ լայնություն պետք է ունենա այդ միջանցքը, կամ ով պետք է վերահսկի այն մինչ խաղաղության համաձայնագրի ստորագրումը: Այս կոնկրետ  հարցերը որոշում են անվտանգությունը, այնպես, ինչպես դա տեսնում են հայերը, կամ որոշում են տարածքների հանձնման խնդիրը, ինչպես դա հասկանում են ադրբեջանցիները:

Խնդիր է համարվում նաև հանրաքվեն, որը հայերը տեսնում են Լեռնային Ղարաբաղի բնակչության կողմից պարզ քվեարկության ձևով` 1989 թվականին արված մարդահամարի համաձայն, այն ժամանակ հայերը երեք անգամ շատ էին ադրբեջանցիներից: Բաքուն, իր հերթին, Լեռնային Ղարաբաղը իր տարածքի մի մասը համարելով, վկայակոչում է իր Սահմանադրությունը, որը հանրաքվե է նախատեսում ողջ Ադրբեջանով մեկ: Հանրաքվեի անցկացման ճանապարհների որոնման  և Ղարաբաղի կարգավիճակի որոշման համար, ամենայն հավանականությամբ առանձին հանձնախումբ կստեղծվի, բայց այդ ամենը տեղի կունենա միայն այն բանից հետո, երբ լարվածությունը թուլանա», – ասել է Կասպշիկը: