Home / Հայաստան / Սահակաշվիլիին հայ անվանած ռեժիսորին բոյկոտ են հայտարարել

Սահակաշվիլիին հայ անվանած ռեժիսորին բոյկոտ են հայտարարել

«Բազմազգ Վրաստան» շարժումը բոյկոտել է Շոթա Ռուսթավելիի անվան թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարը Ռոբերտ Ստուրուան է: Նախաձեռնողները կոչ են անում մյուս կազմակերպություններին էլ միանալ բոյկոտին:

Հունիսի 7-ին կազմակերպության տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Ստուրուան վիրավորել է բազմազգ Վրաստանի քաղաքացիներին, անկախ իրենց ազգային պատկանելությունից»:

Թատրոնի հայտնի գործիչը հարցազրույցներից մեկում ենթադրություններ է արել նախագահ Սահակաշվիլիի, նախևառաջ` Վրաստանի քաղաքացու ազգային պատկանելության վերաբերյալ:

Ռոբերտ Ստուրուան, մատնանշելով Սահակաշվիլիի հայկական ծագումը, բացասական ենթատեքստով կապել է այդ հանգամանքը նրա ծավալած գործունեության հետ, ինչպես նաև նշել է, որ Սահակաշվիլին չի սիրում վրաց ազգը, որովհետև հայ է:

«Բազմազգ Վրաստանը» պահանջում է Ստուրուայից ներողություն խնդրել Վրաստանի նախագահից և երկրի բոլոր քաղաքացիներից, որոնք վիրավորվել են «անհանդուրժողական արտահայտությունից»:

Խոսքը  «Грузинформ» պարբերականում մայիսի 16-ին հրապարակված ռեժիսորի հարցազրույցի մասին է: Հարցազրույցի ժամանակ Ստուրուան, մեկնաբանելով երկրի ղեկավարի գործունեությունը, մասնավորապես, պնդում է, որ Բաթումի լայնածավալ կառուցապատումը պատրանք է. «Բաթումը վերածվում է Թուրքիայի զուգարանի»:

Հարցազրուցավարն ի պատասխան հետևյալ դիտարկումն է անում.

-Զարմանալի է նման վերաբերմունքը: Ինչպես կարելի է մի փոքր անգամ չսիրել սեփական ազգը:

-Դե նա հայ է, ինչ անես: Չէ որ դա գաղտնիք չէ:

-Անձամբ ինքը հերքում է այդ փաստը: Դե դա հասկանալի է, բայց թող լինի հայ: Թող Շուշանիկ լինի, նրա ոտքերը կհամբուրենք: Մեծ անհատ լինելու հնարավորություն ուներ:

-Եվ ինչ է, նա երկրի հետ վարվում է այնպես, ինչպես Շուշանի՞կը:

Ստրուան հարցազրույցի ընթացքում նաև պնդում է, որ Վրաստանի ներկայիս ղեկավարությունը իշխանության է բերել Ամերիկայի հայկական լոբբին: