Home / Հայաստան / Հայաստանում կխոսեն կանանց նկատմամբ սեռական բռնության պատճառների մասին

Հայաստանում կխոսեն կանանց նկատմամբ սեռական բռնության պատճառների մասին

Հունիսի 8-ին, ժամը 14:00 Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը «Կանանց ռեսուրսային կենտրոնի» հետ համատեղ կազմակերպում է քննարկում Հայաստանում կանանց նկատմամբ սեռական բռնության պատճառների ու բռնության կանխարգելմանն ուղղված անհրաժեշտ քայլերի վերաբերյալ:

Իր վերջին հրապարակումներից մեկում խնդրին անդրադարձել էր ՊԽԼԻ Կովկասյան լրատու պարբերականը`տպագրելով «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ի համահիմնադիր Լարա Ահարոնյանի`«Կանանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» հոդվածը:

«ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ-ի ուսումնասիրության համաձայն` 2009 թվականի հունիսից մինչև 2010-ի հունիսն ընկած ժամանակահատվածում հայկական ԶԼՄ-ներում գենդերային բռնության ու խտրականության վերաբերյալ հոդվածները կազմել են ընդհանուր լրահոսի ընդամենը 0,4 տոկոսը:

Մինչդեռ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության տվյալներով` 2010 թվականի առաջին կիսամյակում կատարվել է 54 սեռական բնույթի հանցագործություն, իսկ 2009 թվականին` 34, այսինքն` 2010 թվականի առաջին կիսամյակում սեռականբռնությունների թիվն արդեն իսկ գերազանցել է 2009 թվականի ողջ ընթացքում գրանցված ցուցանիշը:

Քննարկման ընթացքում Կենտրոնի տնօրեն Լարա Ահարոնյանը կներկայացնի սեռական բռնության խնդիրը Հայաստանում`անդրադառնալով խնդրին վերաբերող մի շարք նշանակալի հարցադրումների: Ահարոնյանը նաև կներկայացնի սեռական բռնության վերաբերյալ վերջերս Կենտրոնի կողմից իրականացված հետազոտության հիմնական արդյունքները:

Հայաստանում կանանց նկատմամբ սեռական բռնության պատճառների ու բռնության կանխարգելմանն ուղղված անհրաժեշտ քայլերի վերաբերյալ քննարկմանը կմասնակցեն ոստիկանության, գլխավոր դատախազության, արդարադատության նախարարության ներկայացուցիչները, ոլորտում գործող ՀԿ-ների և միջազգային կազմակերպությունների պատասխանատուները, ակտիվ քաղաքացիներ ու լրատվամիջոցների ներկայացուցիչներ: