Home / Հայաստան / Գյումրեցիներն առայժմ կարողացան թույլ չտալ Մինասի որմնանկարը տեղափոխել Երևան

Գյումրեցիներն առայժմ կարողացան թույլ չտալ Մինասի որմնանկարը տեղափոխել Երևան

Գյումրիից Մինասի որմնանկարների «Զվարթնոց» օդանավակայան տեղափոխման նախաձեռնությունը բուռն բողոքի ալիք է բարձրացրել Գյումրիում:

Այսօր` «Մինաս Ավետիսյան» բարեգործական հիմնադրամի պատասխանատուները իտալացի մասնագետի հետ միասին «Գալվանոմետր» գործարանի մասնաշենքում գտնվող «Թել են մանում» որմնանկարի պատից անջատման աշխատանքներ իրականացրեցին: Ավելի վաղ «Շիրակ կենտրոն» հ/կ-ն հայտնել էր, որ պատից անջատված որմնանկարները նախատեսվում էր փաթաթված վիճակում տեղափոխել Երևան:

Սակայն, բազմաթիվ գյումրեցիների բողոքի և «Մինասի Ավետիսյան» հիմնադրամի ղեկավար Արման Ավետիսյանի (նկարչի որդին է) հետ բանակցությունների արդյունքում որոշվեց, այնուամենայնիվ, որմնանկարներն այսօր չտեղափոխել:

Որմնանկարները փաթաթված վիճակում տեղափոխվել են «Գալվանոմետր» գործարանի պահեստային մաս, որից հետո դռները կողպվել են քաղաքացիական հասարակության կառույցների կողմից տրամադրված փականով:

Արման Ավետիսյանի կողմից գյումրեցիներին երաշխիք է տրվել, որ փականը գաղթագողի չի բացվի և նա իր կողմից թույլ չի տա ոստիկանական միջամտություն Մինաս Ավետիսյանի որմնանկարները տեղափոխելու համար:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 13:30-ի սահմաններում Մինաս Ավետիսյանի որմնանկարների Գյումրիից տեղափոխման դեմ հանդես եկող գյումրեցի մի շարք արվեստի գործիչների և քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչների անունից որմնանկարների վերականգնողական աշխատանքները Գյումրիում իրականացնելու առաջարկ-դիմումով «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն դիմել է ՀՀ մշակույթի նախարարին և Մինաս Ավետիսյան բարեգործական հիմնադրամի նախագահին:

Այնուհետև հեռախոսային բանակցություններ են անցկացվել մշակույթի նախարարության աշխատակազմի ներկայացուցիչների հետ, որի արդյունքում վերոհիշյալ խնդրի քննարկման նպատակով որոշվել է վաղը հանդիպում անցկացնել մշակույթի նախարարի և Գյումրիից մեկնող պատվիրակության հետ: