Home / Հայաստան / «Միթե՞ Ռոբերտ Քոչարյանը նույնն էր անում՝ ինչ Թալեաթը». Սարգիս Հացպանյանը՝ իրեն արված առաջարկի մասին

«Միթե՞ Ռոբերտ Քոչարյանը նույնն էր անում՝ ինչ Թալեաթը». Սարգիս Հացպանյանը՝ իրեն արված առաջարկի մասին

Այսօր Սարյանի արձանի մոտ քաղաքական զբոսանքների մասնակիցներին ողջունելու էր եկել քաղբանտարկայլ Սարգիս Հացպանյանը, ով երեկ ազատ էր արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից:

Հացպանյանին դիմավորեցին ծափերով, «Սարգիս, Սարգիս» վանկարկումներով և շամպայնով:

Հացպանյանին ողջունելու համար Սարյանի արձանի մոտ էին եկել Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, նախկին քաղբանտարկյալներ Արամ Բարեղամյանը, Հարություն Ուռուտյանը, Շանթ Հարությունյանը, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը:

«Ես ՀՀ քաղաքացի չեմ, բայց ես գտնում եմ, որ, չլինելով ՀՀ քաղաքացի, բազմամիլիոնանոց Սփյուռքին կարողացա ցույց տալ, ինչպես կարելի է լինել ՀՀ քաղաքացի: Նախաքննական մարմնից սկսած, երբ իմ ֆրանսիական անձնագիրն իրենց ձեռքում էր, քննիչն ասում է՝ «այ տղա, էդ պասպորտը իմ ձեռքում լիներ ես Հայաստան կգայի՞»: Դրա համար էլ ասեցի՝ «դու քննիչ ես, ես` բանտարկյալ», – իր ելույթի ժամանակ ասել է Հացպանյանը:

Նրա խոսքով՝ իր բանտում գտնվելու ողջ ընթացքում իշխանությունները Ֆրանսիայի դեսպանության միջոցով յուրաքանչյուր շաբաթ առաջարկել են ընդամենը մի նախադասություն գրել առ այն, որ ինքը ցանկանում էր, որ իրեն տեղափոխեն Ֆրանսիա, որից կես ժամ հետո նրան խոստացել են ազատել:

«Ես դա գիտակցաբար մերժել եմ, որովհետև ես ինքս եմ որոշում՝ որտեղ պիտի ապրեմ, ոչ թե ինչ-որ մարդ պիտի թելադրի որտեղ ապրել: Ես գտնում եմ,  որ 1915 տեսած ազգի յուրաքանչյուր զավակ, որտեղ էլ նա գտնվի, իրավունք ունի ՀՀ-ում ընդմիշտ ապրելու, որովհետև մենք չենք ընտրել Սփյուռքում լինելը, այնտեղ ծնվելը, մեծանալը, այլ դա 15 թվականի հետևանք է: Հիմա «Վարդաշեն» ՔԿՀ-ի գրադարանում մի գիրք էի կարդում, որտեղ գրված էր, առաջին անգամ խոստովանում եմ, չգիտեի, որ 1915 թիվը իրագործող երիտթուրքերը Երզնկայի, Մալաթիայի, Խարբերդի հայությանը հինգ օր ժամանակ են տվել, որպեսզի իրենց համար թանկ իրերը հավաքեն, որ Դեր Զորի ճանապարհը բռնեն:

Այ մարդ, ո՞նց թե, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի այդ հրամանը, որ մարտի մեկից ընդամենը ութ օր հետո մարդը ստորագրել ա Հացպանյան Սարգիսին հինգօրյա ժամկետում արտաքսել ՀՀ-ից, արդյո՞ք նույն բանն էր, ինչ որ Թալեաթ փաշան արել է այն ժամանակ: Ես առաջին անգամ ամաչելով իր տեղը` այդ համեմատությունն արել եմ»,- նշել է Հացպանյանը:

Նա նաև ասել է, որ ինքն իր կամքով է եկել Հայաստան, իր կամքով գնացել է Շահումյան, Մարտակերտ, որպեսզի հող հայրենին հայկական մնա, իսկ այդ հող ու ջրի ծնված, մեծացած մարդն իրեն Հայաստանում ապրելու իրավունքից պիտի զրկի՞:

«Դա չի տեղավորվում ոչ մի բանի մեջ: Չի կարելի հանդուրժել անհանդուրժելին: Ես այս շարժմանը միացել եմ ինքս իմ կամքով, իմ գաղափարներով, Համաժողովրդական շարժման կրած արժեքային համակարգը տեղավորվում է իմ փիլիսոփայության, իմ հայացաքների մեջ»,- ասել է  Հացպանյանը: