Home / Հայաստան / ՖՈՏՈՇԱՐՔ. Ազատ արձակված քաղբանտարկյալը համակրում է Կոնգրեսին, բայց ոչ միայն

ՖՈՏՈՇԱՐՔ. Ազատ արձակված քաղբանտարկյալը համակրում է Կոնգրեսին, բայց ոչ միայն

«Քաղբանտարկյալ լինելու հանգամանքը ոչ թե ինքը` անձն  է որոշում, այլ հասարակությունն ինքը տալիս է գնահատականը: Ինձ թվում է, որ այս տարիների ընթացքում հասարակության մի զգալի մասը հասկացել է, թե որն է  ճշմարտությունը»,- «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասել է  քաղբանտարկյալ Մուրադ Բոջոլյանը:

Ինչ վերաբերում է Մարդու իրավունքների  Եվրոպական դատարանի կողմից իր հայցը մերժելուն, Բոջոլյանն ասել է, որ այդ մերժումը շատ հանելուկային պատմություն ունի, և ինքը նպատակ ունի հետագայում այդ հարցով զբաղվել:

Հարցին, թե զբաղվելու է արդյոք քաղաքականությամբ, Մուրադ Բոջոլյանն ասել է, «Ես ընդհանրապես քաղաքականությամբ չեմ զբաղվել, ես եղել եմ մասնագետ, կատարել եմ իմ աշխատանքը և սրանից հետո դեռ չեմ որոշել` որտեղ կլինեմ: Իսկ քաղաքականությամբ զբաղվելու համար իմ ոտքերի տակի արմատները լրիվ կտրել էին, թե սրանից հետո ինչ կլինի, Աստված գիտի»:

Հարցին, թե որ քաղաքական ուժին է նա համակրում, Բոջոլյանն ասել է` այն քաղաքական ուժին, որը պայքարում է Հայաստանը արդար երկիր դարձնելու համար:

«Իհարկե, տվյալ պահին Կոնգրեսն է, բայց այստեղ միայն Կոնգրեսի անունը տալը սխալ կլինի, քանի որ այսօր ժողովուրդն է, որ ամբողջությամբ կանգնել է ոտքի: Ես իմ բաց նամակում նշել եմ, ես շնորհակալություն եմ հայտնում Համաժողովրդական շարժման բոլոր մասնակիցներին, որոնք հավատացել են իմ անմեղությանը և իմ կողքին կանգնեցին, մնացած բոլոր հարցերն արդեն հետագայում», – ասել է նա:

Խոսելով նաև Հայ Ազգային Կոնգրեսի և իշխանության երկխոսության մասին` քաղբանտարկյալն ասել է. «Դա ավելի շուտ ֆուտբոլային խաղ է հիշեցնում, գնդակը մեկի դաշտից մյուսին փոխանցելուն: Բայց, իհարկե, երևի թե իշխանությունները նույնպես պետք է հասկացած լինեն, որ այս վիճակը այսպես երկար շարունակել չի կարելի, արդեն ժամանակն է, որպեսզի այս երկրում ամեն ինչ փոխվի, ոչ միայն իշխանությունը, այլ իշխանության հետ միասին ամեն ինչ փոխվի»: