Home / Հայաստան / Մոսկվայում գնդակահարել են չեչեն աղջկան սպանած հրամանատարին

Մոսկվայում գնդակահարել են չեչեն աղջկան սպանած հրամանատարին

Այսօր կեսօրին Մոսկվայում սպանվել է հրամանատար Յուրի Բուդանովը, ով չեչենական պատերազմի ժամանակ սպանել էր չեչեն մի աղջկա` Էլզա Կունգաևային, համարելով նրան դիպուկահար գրոհային:

Բուդանովը ձերբակալվել էր 2000 թվականին, բանտում անցկացրել 8.5 տարի, որից հետո վաղաժամկետ ազատ էր արձակվել` անցնելով համաներման տակ:

«Սվոբոդա» ռադիոկայանի թղթակցին հաջողվել է կապվել չեչեն աղջկա հոր` Վիսա Կունգաևի հետ, որը հարցազրույցում ասել է.

«Թող աստված նրան դատի, նա շատ թշնամիներ ուներ ինչպես զինվորների, այնպես էլ սպաների շրջանում: Ես այժմ Նորվեգիայում եմ, իմ 4 երեխաների հետ, որոնք այստեղ պատշաճ կրթություն են ստանում: Նրանց համար է, որ եկել եմ, բայց մի օր վերադառնալու եմ իմ երկիր: Ո՞վ է սպանել Բուդանովին` չեմ կարող մեկնաբանել, հետաքննությունը կպարզի»,- ասել է նա:

Օրինապահ մարմինները պարզել են, որ նախնական տվյալներով, հանցագործները երկուսն են եղել` մեկը սպասել է մեքենայում, իսկ մյուսը հենց դիմացից մի քանի անգամ կրակել է Բուդանովին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը` նշելով, որ կրակողը զինվորական համազգեստով է եղել:

Քննությունը չի բացառում, որ Բուդանովի սպանությունը նախօրոք ծրագրված է եղել. տուժածին, հավանաբար, հետևել են: