Home / Հայաստան / ՀԱԿ-ի ակտիվիստը Մուրադ Բոջոլյանի առջև պատռել է Ռոբերտ Քոչարյանի նկարը

ՀԱԿ-ի ակտիվիստը Մուրադ Բոջոլյանի առջև պատռել է Ռոբերտ Քոչարյանի նկարը

Այսօր Սարյանի արձանի մոտ իրականացվող ավանդական քաղաքական զբոսանքների մասնակիցները դիմավորեցին ազատ արձակված վերջին քաղբանտարկյալ Մուրադ Բոջոլյանին:

Անտեսելով տեղացող հորդառատ անձրևը՝  հավաքվածները լսեցին Մուրադ Բոջոլյանի և ՀԱԿ-ի ներկայացուցիչներ Գագիկ Ջհանգիրյանի ու ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի ելույթները:

«Էս մարդու կյանքից էս իշխանությունը տասը տարի կերավ, տաս տարի գողացավ, բայց ես չգիտեմ, թե ինչ համբերությամբ, ինչ արժանապատվությամբ Բոջոլյանը դիմացավ: Նա այսօր մեր կողքին  է և  իր վրեժը առնելու է իր կյանքից խլած տարիների համար: Իր այն վերջին քայլը, երբ ինքը ասաց՝  Հայ Ազգային Կոնգրեսը թող չխեղճանա, որ ես նստած եմ, թող գնա իշխանությունների հետ երկխոսելու, դա իր քաղաքացիական հրաշալի դրսևորումն է: Մարդ, որն արժանապատիվ, հպարտ, համարձակ ասաց՝ ես ՀԱԿ-ի կողքին եմ, իմ նպատակների կողքին եմ, ժողովրդի կողքին եմ», – իր ելույթում ասել է Արամ Մանուկյանը:

Գագիկ Ջհանգիրյանն իր խոսքում տեղեկացրել է, որ Մուրադ Բոջոլյանը մի քանի ամիս իր խցակիցն է եղել:

«Ուզում եմ ասել, մեր աչքը լույս,  որ Հայաստանում այլևս ոչ մի քաղբանտարկյալ չկա ու մենք պայքարելու ենք, որ ունենանք այնպիսի երկիր, որի դատարանների ցանկացած որոշման մենք հավատանք, ոչ թե ասենք՝ «էս մարդուն անմեղ է դատել, էս մարդը  հանցագործություն չի կատարել»,- ասել է  Գագիկ Ջհանգիրյանը:

Երբ իր խոսքն էր պատրաստվում ասել Մուրադ Բոջոլյանը, Համաժողովրդական շարժման ամենատարեց ակտիվիստ Փառանձեմ մայրիկը պատռել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկարը և նետել այն Բոջոլյանի ոտքերի տակ:

Բոջոլյանն իր խոսքում նշել է, որ «Սանասար, Բաղդասար, բոլորն էլ հավասար» արտահայտությունն անազատության մեջ իրենց լոզունգն է եղել:

«Դա նշանակում էր «պայքար, պայքար մինչև վերջ», մինչև Հայաստանը արդարությունների մեջ կլինի: Տասը տարիների ընթացքում ինձ թվում էր, որ իրոք Հայաստանում մարդ չի մնացել, և ես հույսերից կտրվել էի, բայց վերջին 3-4 տարիների ընթացքում ձեր ցույց տված տոկունությունը, ձեր պայքարն ապացուցեց, որ Հայաստանն իրոք որ ապագա ունի և այսօր այստեղ հավաքված այս մի փոքր ժողովուրդը հրաշալի Հայաստանի, հրաշալի ապագա ունեցող Հայաստանի ամենափոքրիկ մասնիկն է, որը ձնագնդի նման  մեծանալու է և այս երկրում ամեն ինչ փոխելու է, Հայաստանը դարձնելու է  արդար և ժողովրդավար երկիր, իսկական հայերի երկիր»,- ասել է  Բոջոլյանը: