Գլխավոր / Հայաստան / ՀՀՇ-ն խոսել է կուսակցությունը լքող անդամների հեռանալու պատճառների մասին

ՀՀՇ-ն խոսել է կուսակցությունը լքող անդամների հեռանալու պատճառների մասին

Վերջին օրերին ՀՀՇ «Կենտրոն» տարածքային կազմակերպությունում ստացվել է կուսակցությունից դուրս գալու մոտ մեկուկես տասնյակ դիմում: ՀՀՇ-ն այս առնչությամբ մամուլի հաղորդագրություն է տարածել՝ տալով հետևյալ պարզաբանումը.

«Ուղիղ մեկ տարի առաջ Հայաստանի իշխանությունները ՀՀՇ ղեկավար կազմի փոքր մի խմբի միջոցով փորձեցին ազդեցություն գործել ՀՀՇ ներսում և ճեղքվածք առաջացնել կուսակցության և Հայ Ազգային Կոնգրեսի միջև, ինչի մասին խոսվեց նաև 2010թ.-ի հուլիսի 17-ին կայացած ՀՀՇ 16-րդ համագումարում: ՀՀՇ վարչության և խորհրդի զգոնության շնորհիվ աննշան այդ միջադեպը հարթվեց: Կուսակցությունը այս փորձությունից դուրս եկավ ավելի ամրացած և բարձր հեղինակությամբ`ի չիք դարձնելով ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ուժերի ծրագրերը: Համագումարին հետևած շուրջ մեկ տարվա ընթացքում ՀՀՇ շարքերը համալրվեցին մոտ 300 նոր անդամներով: Տասնվեցերորդ համագումարից հետո հիշյալ փոքր խումբը` հիմնականում «Կենտրոն» տարածքային կազմակերպության անդամներ, ըստ էության, դադարեցրեցին իրենց ներգրավվածությունը կուսակցության աշխատանքներին: Կուսակցությունից դուրս գալու նրանց դիմումները սպասվում էին վաղուց, նրանք որոշեցին դա անել հիմա: Հնարավոր է, որ արդեն ստացված դիմումներին ավելանա ևս մեկ — երկու տասնյակ դիմում` դարձյալ հիմնականում «Կենտրոն» տարածքային կառույցի անդամներից: Հետևաբար, գործ ունենք ոչ թե ինչ որ նոր երևույթի, այլ մեկ տարի առաջ տեղի ունեցած միջադեպի ձգձգված ֆորմալ ավարտի հետ»:

Նշենք, որ ՀՀՇ վարչությունից դուրս գալու դիմում է գրել վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը, ով մեկ տարի առաջ լքել էր կուսակցության ղեկավարի պաշտոնը: Նրա փոխարեն կուսակցության վարչության նախագահ էր ընտրվել Արամ Մանուկյանը:

Ավելի վաղ ՀՀՇ շարքերը լքած կուսակցության վարչության փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը, ով իր պաշտոնը լքել էր Արարատ Զուրաբյանի հետ նույն ժամանակահատվածում, հիմնել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը և հանդիսանում է կուսակցության նախագահը: