Home / Հայաստան / Նախագահականում քննարկել են Հայաստան-Եվրամիություն կապերը

Նախագահականում քննարկել են Հայաստան-Եվրամիություն կապերը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտին:

Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Շվեդիայի հետ քաղաքական երկխոսության շարունակական զարգացումը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության ակտիվացումը:

Զրուցակիցները խոսել են Հայաստան-Եվրամիություն կապերի խորացմանն առնչվող թեմաների շուրջ՝ նշելով, որ այստեղ նույնպես կարող է արդյունավետ համագործակցություն ծավալվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Շվեդիան Արևելյան գործընկերության նախաձեռնողներից մեկն է:

Ընդգծելով երկու երկրների միջև առկա հնարավորություններն ու ներուժը՝ երկուստեք կարևորվել է հայ-շվեդական համագործակցությունը տարբեր ոլորտներում խթանելու և զարգացնելու անհրաժեշտությունը:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը: