Home / Հայաստան / Տիգրան Սարգսյանը Նավասարդ Կճոյանի և Կարեն Կարապետյանի հետ մեկնում է Լոնդոն

Տիգրան Սարգսյանը Նավասարդ Կճոյանի և Կարեն Կարապետյանի հետ մեկնում է Լոնդոն

Վաղը` հունիսի 15-ին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն:

ՀՀ կառավարության կայքի հաղորդմամբ, այցի շրջանակում ՀՀ վարչապետը Բուքինգհեմյան պալատում ներկա կգտնվի Մեծ Բրիտանիայի Արքայազն Չարլզի և ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի նախաձեռնած երկու բարեգործական ծրագրերի` «Երևան` իմ սեր» (այդ նախագծի շրջանակում նախատեսվում է Երևանի կենտրոնում գտնվող պատմաճարտարապետական կարևոր արժեք ունեցող չորս շինությունների վերանորոգում) և Շոտլանդիայի հարավ-արևմուտքում գտնվող Դամֆիս դղյակի պահպանման նախագծերին նվիրված ընդունելությանը և համերգին:
Նախատեսված է նաև ՀՀ կառավարության ղեկավարի հանդիպումը տարբեր երկրներից Լոնդոն ժամանած հայ գործարարների հետ: Տիգրան Սարգսյանը կայցելի բրիտանական BBC գործակալության կենտրոնակայան և հարցազրույց կտա գործակալությանը:
ՀՀ վարչապետին ուղեկցող պատվիրակության կազմում են Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: