Home / Հայաստան / Ինչպես են Հայաստանում ընտանիքները զրկվում երեխայի նպաստից

Ինչպես են Հայաստանում ընտանիքները զրկվում երեխայի նպաստից

Երիտասարդ ընտանիքը զրկվում է նորածին երեխայի համար նախատեսված, ՀՀ օրենքով սահմանված գումարից` 18.000 դրամ, եթե ապրում է վարկով վերցված տանը: Epress.am-ի հետ զրույցում 28-ամյա Մերին պատմել է այն խնդիրների մասին, որոնք ծագել են իր երկրորդ երեխայի ծնվելուց հետո:

«Ես իմ առաջնեկի համար նախատեսված գումարը ստանում էի, այսինքն` գրանցված էի իմ հորական տանը, բայց ապրում էի այլ վայրում: Երկրորդ երեխաս ծնվել է այս տարվա հունվարին, և մենք խնդրի առաջ ենք կանգնել: Ասում են` օրենքի փոփոխություն է տեղի ունեցել, և իրենք ինձ չեն տրամադրելու գումարը, քանի որ ես ֆիզիկապես չեմ բնակվում գրանցված վայրում»,- Epress.am-ի հետ զրույցում պատմել է Մերին` նշելով, որ ինքը և ամուսինը վարկով բնակարան են ձեռք բերել, իսկ նման բնակարաններում քաղաքցիները գրանցվելու իրավունք պաշտոնապես չունեն մինչև վարկի մարման ավարտը:

«Ինձ հիմա հորդորում են կամ ապրել հայրական տանը, կամ էլ դուրս գրվել այնտեղից, բայց դրանից հետո ես «օդից կախված» վիճակում եմ հայտնվում»,- ասել է Մերին:

Նա պատմել է նաև, որ իր ծանոթներից ևս լսել է նման պատմություններ, և նույնիսկ դեպք է եղել, երբ մարդկանց առաջարկել են ստանալիք առաջին 18.000 թողնել համապատասխան մարմնին, որից հետո խնդիրը «լուծված» կլինի:

Մեր զրուցակիցը համոզված է, որ հայաստանյան իրականության մեջ «ծանոթ-բարեկամով» կարելի է նման խնդիրները լուծել, բայց մեկին դա հասանելի է, շատ շատերին` ոչ:

Epress.am-ի հետ զրույցում Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրել են, որ ըստ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի` Հայաստանի տարածքում մայրերը զրկվում են իրենց նորածինների համար նախատեսված նպաստից, եթե գրանցված չեն իրենց բնակվելու վայրում և ապրում են վարկով վերցված բնակարաններում:

«Իմ դեպքում հարցը 18.000 դրամը չէ, այլ խնդրի առկայությունը, բազմաթիվ այլ ընտանիքներ այսօր այդ գումարի կարիքն ունեն», – նշել է Մերին: