Գլխավոր / Հայաստան / Այսօր ցանկացած որոշում ավելի վատը կլինի, քան 13 տարի առաջ. Տեր-Պետրոսյանը` ղարաբաղյան խնդրի մասին

Այսօր ցանկացած որոշում ավելի վատը կլինի, քան 13 տարի առաջ. Տեր-Պետրոսյանը` ղարաբաղյան խնդրի մասին

13 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունների ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խումբը Հայաստանին, Ադրբեջանին և ԼՂՀ-ին, այսպես կոչված, փաթեթային որոշում առաջարկեց, որի հետ ամբողջությամբ համաձայն էր միայն Հայաստանը: Այս մասին «Московские новости»-ի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Ղարաբաղցիները չընդունեցին այն, ադրբեջանցիները մասամբ էին կողմ, մենք համաձայն էինք: Դա մեր պաշտոնապես ստորագրված դիրքորոշումներն էին: Այն ժամանակ ԵԱՀԿ ՄԽ-ն նախագիծն ուղղում էր բոլոր երեք կողմերին: Եթե բոլոր երեք կողմերը ճանաչեին այն, այն կհամարվեր ընդունված: Եթե կողմերից անգամ մեկը չի ընդունում, հարցը դուրս է գալիս օրակարգից: Այնուհետև բերեցին փուլային ծրագիրը: Դա գրեթե այն նույն ծրագիրն էր, որն այժմ սեղանին է դրվում Մադրիդյան սկզբունքների տեսքով. օկուպացված կամ մեր տերմինաբանությամբ`ազատագրված տարածքների մի մասի վերադարձ, որի մեջ այն ժամանակ չէին մտնում Լաչինն ու Քելբաջարը, Ղարաբաղի բոլոր սահմաններին միջազգային խաղաղարար ուժերի տեղակայում, ճանապարհների վերաբացում:

Այն ժամանակ չէր արտաբերվում, բայց նկատի էր առնվում Ղարաբաղի անցումային կարգավիճակի ստեղծումը: Լեռնային Ղարաբաղի բոլոր կառավարական կառույցների պահպանում, այդ թվում` զինված ուժերի, ոստիկանության և այլն: Ադրբեջանը չպետք է միջամտեր Ղարաբաղի ներքին հարցերին: Եվ վերջնական կարգավիճակի քննարկման հարցի հետաձգումը ապագայի համար: Այդ ամենը կար: Ի՞նչ էր դա տալիս: Դա տալիս էր նույն իրավիճակը, որ մենք ունենք ներկայումս, միայն տարածքային առումով կրճատված տարբերակով: Բայց երաշխավորված միջազգային պայմանագրով: Երաշխավորված միջազգային խաղաղարար ուժերով: Երաշխավորված վերաբացված ճանապարհներով, այդ թվում` երկաթուղային: Այժմ հասնել նրան, ինչին մենք հասել էինք այն ժամանակ, շատ դժվար կլինի: Միայն մեկ կետ կա, որը տարբերվում է նախկին ծրագրից, դա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի անցկացման գաղափարն է: Սակայն այն դեռ ոչնչով ամրագրված չէ: Անգամ այդ բառից այժմ սկսել են հեռանալ: Խոսում են պլեբիսցիտի, հարցման մասին: Հանրաքվեի իրավաբանական հետևանքների մասին ոչ մի խոսք չկա: Ողջ զարգացումը հուշում է, որ հիմա ամեն ինչ ավելի բարդ է: Այսօր ցանկացած որոշում ավելի վատը կլինի, քան այն ժամանակ»,- ասել է Տեր-Պետրոսյանը:

Հայաստանի առաջին նախագահը նաև նշել է, որ Արևմուտքը բավականաչափ ջանքեր չի գործադրում հիմնախնդրի լուծման համար, «քանի որ դա առաջնայինը չէ նրանց համար»: