Home / Հայաստան / ՀՀ նախագահի երեք արտահայտություններ պետք է հերքվեն. ՀՀ նախկին արտգործնախարար

ՀՀ նախագահի երեք արտահայտություններ պետք է հերքվեն. ՀՀ նախկին արտգործնախարար

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Հանրապետության նախագահի ելույթում, հատկապես հարց ու պատասխանի մասում, կային մի քանի ոչ ճիշտ ներկայացված արտահայտություններ: Այս մասին ասված է ՀՀ նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանի` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ԵԽԽՎ-ում հունիսի 22-ին հնչեցրած ելույթին վերաբերող արձագանքում, որը հրապարակվել է  «Սիվիլիթաս» հիմնադրամի կայքում:

«Բայց դրանցից երեքը, կարծում եմ, պետք է ինչ-որ ձևով հերքվեն իշխանությունների կողմից: Առաջին` ներկայացնել, որ Հայաստանն առ այսօր չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որովհետև ընդունում է տարածքային ամբողջականության սկզբունքը, ակնհայտորեն Հայաստանի նախորդ քսան տարիների՝ ներառյալ Սերժ Սարգսյանի երեք տարիների դիրքորոշման ոչ ճիշտ ներկայացումն է: Երկու տասնամյակ Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որպեսզի կանխորոշած չլինի բանակցային գործընթացի ելքը: Այն պահին, երբ Ադրբեջանը դուրս գա բանակցություններից կամ փորձի հարցը լուծել ուժով, Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Սա՛ է եղել Հայաստանի Հանրապետության երեք վարչակարգերի քաղաքականությունը: Նախագահի մեկնաբանությունը ճշգրտման կարիք ունի, հատկապես որովհետև նրա հիմնական ելույթում նույնպես չկա որևէ արտահայտություն, որ կարտացոլեր պաշտոնական դիրքորոշումը», – հայտարարել է Վարդան Օսկանյանը:

Որպես երկրորդ կետ Օսկանյանը նշել է նաև, որ ուժի չօգտագործման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքները, որոնք նախագահը ներկայացրել է որպես Մադրիդյան սկզբունքներ, իրականում հանդիսանում են Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները և ծառայում են որպես ուղենիշ ցանկացած հակամարտության համար` ներառյալ ղարաբաղյանը:

«Տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման համար յուրահատուկ սկզբունքներ են մշակվել, որոնք թվով երեքից ավելի են: Դրանք ճանաչվել են որպես Մադրիդյան սկզբունքներ: Որքան ինձ հայտնի է, նույնիսկ եթե Մադրիդյան փաստաթուղթը ձևափոխվել է, սկզբունքները նույնն են մնացել», –  ասել է ՀՀ նախկին արտգործնախարարը:

Նա հավելել է, որ Մադրիդյան սկզբունքներից առաջինն էլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է:
«Երրորդ` երկու ռազմական հաղթանակներից հետո հայերը հավատարիմ են բանակցային գործընթացին, որովհետև հավատում են, որ չկա՛ ռազմական լուծում այս հակամարտությանը, և ո՛չ որովհետև ադրբեջանական կողմն ինչ-որ առավելություններ ունի մեր նկատմամբ:

Հայերի նպատակը խաղաղ կարգավորումն է, որը հիմնված կլինի հաստատուն և տևական սկզբունքների վրա: Կազանի նախօրեին հայկական դիրքորոշումը պետք է հստակորեն ճշգրտվի։ Այս պայքարը միշտ եղել և մնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման պայքար», – ասել է Վարդան Օսկանյանը: