Home / Հայաստան / Նյու Յորքում թույլատրեցին միասեռ ամուսնությունները

Նյու Յորքում թույլատրեցին միասեռ ամուսնությունները

Ամերիկյան Նյու Յորք նահանգի Սենատը հունիսի 24-ին վավերացրել է միասեռ ամուսնությունները օրինականացնող օրինագիծը: Ինչպես հայտնում է Associated Press-ը, օրինագծին կողմ են քվեարկել 33 հոգի, 29-ը դեմ են եղել:

Այսպիսով, Նյու Յորքը կդառնա ամերիկյան 6-րդ նահանգը, որը թույլ կտա սեռական փոքրամասնության ներկայացուցիչներին պաշտոնապես գրանցել իրենց հարաբերությունները:

Օրինագծի կողմնակիցները հույս են հայտնել, որ ընդունված որոշումը ամբողջ երկրում լուրջ խթան կհանդիսանա միասեռ ամուսնությունների օրինականացման համար: Նշվում է նաև, որ հենց Նյու Յորքն է համարվում այն վայրը, որտեղ ծնվել է սեռական փոքրամասնությունների իրավունքների համար մղվող շարժումը:

Ներկայումս միասեռ ամուսնությունները օրինականացված են Կոնեկտիկուտում, Այովայում, Մասաչուսեթսում, Նյու Հեմփշիրում, Վերմոնտում, ինչպես նաև Կոլումբիայի վարչական շրջանում:

2008 թվականին նույնատիպ օրինագիծ ընդունվեց Կալիֆորնիայում, որից հետո 18 հազար միասեռ զույգեր պաշտոնապես գրանցեցին իրենց հարաբերությունները: Ավելի ուշ, սակայն, Գերագույն դատարանը չեղյալ էր հայտարարել ընտրության արդյունքները: Այս պահին այդ որոշման օրինական լինելու բնույթը քննարկվում է Վերաքննիչ դատարանում: