Home / Հայաստան / «Ոչ մի մինի շուկա էլ չեն սարքել». Առևտրականներին կրկին սպառնում են

«Ոչ մի մինի շուկա էլ չեն սարքել». Առևտրականներին կրկին սպառնում են

Կիրակի Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների ու Տիգրան Մեծ պողոտայում բացօթյա առևտուր իրականացնող առևտրականների միջև դարձյալ վեճ է առաջացել: Տիգրան Մեծ պողոտայի` «Այրարատ» կինոթատրոնից ներքև ընկած հատվածում բացօթյա առևտուր իրականացնողները վերջին 6 ամսվա ընթացքում ակտիվորեն պայքարում են բացօթյա առևտուրն արգելող քաղաքապետարանի որոշման դեմ:

Epress.am-ի հետ զրույցում առևտրականներից տիկին Գայանեն տեղեկացրել է, որ քաղաքապետարանի աշխատակիցները կրկին առևտրականներին հրահանգել են հավաքել իրենց ապրանքն ու հեռանալ, հակառակ դեպքում սպառնացել են խլել ապրանքն ու չվերադարձնել:

«Իրենք ասում են` գնացեք էստեղից, ձեր համար մինի շուկա ենք սարքում, գնացեք էնտեղ առևտուր արեք, բայց ոչ մի մինի շուկա էլ չեն սարքել դեռ: Իսկ այն առևտրի տարածքներում, որ նրանք առաջարկում են, մենք այնտեղ չենք կարող մեր ապրանքը վաճառել, քանի որ մենք քիչ ապրանք ունենք և մեծ շուկայում չենք կարողանա նորմալ առևտուր իրականացնել»,- նշել է տիկին Գայանեն: