Home / Հայաստան / Քաղաքապետարանի մոտ վաղը առևտուր կանեն

Քաղաքապետարանի մոտ վաղը առևտուր կանեն

Երևանի քաղաքապետարանը շարունակում է պայքարել բացօթյա առևտրի դեմ: Այսօր` ժամը 14:00-ի սահմաններում, Տիգրան Մեծ պողոտայի` «Այրարատ» կինոթատրոնից ներքև ընկած հատվածում հավաքվել էին քաղաքապետարանի մոտ մեկ տասնյակ աշխատակիցներ, ովքեր, հրելով, քաշքշելով և հայհոյելով, կատարում էին վերադասի հրամանը, պատմել են ականատեսները:

Կանայք շարունակում են առևտուր իրականացնել փողոցում, քանի որ, իրենց խոսքով, շուկաները վճարովի են, և իրենց` «գրեթե գին չունեցող» ապրանքի դիմաց չեն կարող տեղի գումար վճարել:

«Գնացել եմ «Ռոսիա», վճարովի ա»,- Epress.am-ի հետ զրույցում պատմել է կանանցից մեկը:

«Ձեզ համար ասվել ա, որ անվճար տրամադրեն, որովհետև խիստ անապահով ես: Իսկ դու հիմա արհամարհում ես իշխանության պահանջը»,- պատասխանել է քաղաքապետարանի աշխատակիցը:

«Սուտ ա, էս իշխանությունը 20 տարի ա` ինձ արհամարհում ա, քցել ա փողոցները, իմ քաղաքացիությունն ա արհամարհել, ո՞ւր ա, կա ապրուստ, մենակ մի սուրու թանկացում ա, դրա դեմը պիտի հաղթահարվի՞, թե՞ չէ: Էս թափթփուկների համար ա ամուսինս գնացել կռվել ու հետ չի եկել, վերևից ներքև էս թափթփուկների համար ա»,- լացակումած պատմում էր առևտրական կինը:

Կանանց խոսքով` քաղաքապետարանի ներկայացուցիչները և երկու ոստիկան ժամանել էին դեռ առավոտյան, իսկ արդեն ցերեկը կանանցից մեկը ուշագնաց է եղել, և իրենք ստիպված են եղել շտապօգնություն կանչել:

Epress.am-ի հետ զրույցում տիկին Գայանեն պատմել է, որ կինը վատացել է, երբ քաղաքապետարանի ներկայացուցիչ Արման Եդոյանը հայհոյել է նրան:

«Սարսափելի հայհոյանքներ ա տալիս: Թող մի աշխատանքի տեղ սարքեն: էդքան փող որ ծախսում են, թող աշխատանքի տեղ սարքեն, մենակ էդ կարամ ասեմ էս անտեր իշխանություններին»,- ասել է մեր զրուցակիցը:

Նա նաև նշել է, որ վաղն իրենք իրենց առևտուրն իրականացնելու են հենց քաղաքապետարանի շենքի դիմաց.

«Վաղը մենք` 20-30 հոգով, ինչ ունենք, վերցնելու ենք, գնանք քաղաքապետարանի դեմը դնենք ծախենք, ուրիշ ճար չունենք, բոմժ են դարձրել էս ժողովրդին»: