Home / Հայաստան / Հայաստանը` սկզբնաղբյուր երկիր թրաֆիքինգի ենթարկվող կանանց համար. ԱՄՆ Պետդեպ

Հայաստանը` սկզբնաղբյուր երկիր թրաֆիքինգի ենթարկվող կանանց համար. ԱՄՆ Պետդեպ

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հունիսի 27-ին ժամը հայտարարել է Մարդկանց թրաֆիկինգի մասին 11-րդ ամենամյա զեկույցի հրապարակման մասին:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հաղորդմամբ, մարդկանց թրաֆիքինգի մասին զեկույցի մեր երկրին վերաբերող հատվածում հեղինակները նշում են, որ Հայաստանը սկզբնաղբյուր երկիր է հարկադիր մարմնավաճառության նպատակով թրաֆիքինգի ենթարկվող կանանց և աղջիկների համար, սկզբնաղբյուր և վերջնակետ երկիր` կանանց հարկադիր աշխատանքի համար և սկզբնաղբյուր երկիր` տղամարդկանց հարկադիր աշխատանքի համար:

«Սեռական թրաֆիքինգի նպատակով Հայաստանից կանայք և աղջիկներ են փոխադրվում Գերմանիա, Միացյալ Արաբական Էմիրություններ և Թուրքիա: Հայաստանցի կանանց և տղամարդկանց ենթարկում են հարկադիր աշխատանքի Ռուսաստանում, և հայաստանցի կանանց ենթարկում են հարկադիր աշխատանքի Թուրքիայում: Հայաստանցի տղաները երկրի ներսում ենթարկվում են հարկադիր աշխատանքի, իսկ կանայք ու աղջիկները երկրի ներսում սեռական թրաֆիքինգի են ենթարկվում: Հայաստանում հարկադիր աշխատանքի են ենթարկվում ռուսաստանցի կանայք: Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ չի բավարարում թրաֆիքինգի վերացման նվազագույն ստանդարտներին, սակայն զգալի աշխատանքներ է կատարում այդ ուղղությամբ: 2010թ. կառավարությունը մասնակի ֆինանսավորում է ապահովել թրաֆիքինգի զոհերի ապաստարանին, որը շահագործվում է հասարակական կազմակերպության կողմից, և հետամուտ է եղել հասարակական կազմակերպությունների հետ գործընկերության հաստատմանը, որի արդյունքում ուսուցումներ են անցկացվել հարյուրավոր պաշտոնյաների համար: Կառավարությունը շարունակել է ապահովել, որ թրաֆիքինգ իրականացնելու համար դատապարտվածները համարժեք պատիժ ստանան և այդ պատիժը կիրառվի: 2011թ. մարտին գործողության մեջ մտան քրեական օրենսգրքի փոփոխությունները, որով առավել ուժեղացվում են օրենքում առկա հակաթրաֆիքինգային դրույթները: Այնուհանդերձ, առանձնակի մտահոգության տեղիք է տալիս տարվա ընթացքում բացահայտված զոհերի թվի կտրուկ անկումը, ինչպես նաև հարկադիր աշխատանքի հետ կապված դեպքերի քննությունների բացակայությունը», – նշում են զեկույցի հեղինակները, ովքեր Հայաստանի իշխանություններին առաջարկել են առավել ակտիվ ջանքեր գործադրել հարկադիր աշխատանքի զոհերի հայտնաբերման և աշխատանքային թրաֆիքինգի գործերով քննությունների ու քրեական հետապնդման մասով:

ՀՀ կառավարությանը նաև առաջարկվում է շարունակել ու ավելացնել զոհերին աջակցություն ցուցաբերող հասարակական կազմակերպություններին ֆինանսավորման տրամադրումը և ապահովել հակաթրաֆիքինգային ծրագրերին, բարելավել թրաֆիքինգ իրականացնողների դեմ հարուցված գործերում որպես վկա հանդես գալու համաձայնություն տված վկաների պաշտպանությանն ուղղված ջանքերը, իրականացնել պաշտոնեական հանցակցության մեջ կասկածվող պաշտոնյաների հանդեպ և դատապարտել ու պատժել հանցակից պաշտոնյաներին. շարունակել զոհերին տրամադրել իրավականորեն սահմանված աջակցություն (բժշկական, իրավաբանական օգնություն, առաջնային կարիքներ և ապաստարան) զոհերի աջակցության բոլոր փուլերում: