Home / Հայաստան / Տիգրան Կարապետյանը պատրաստ է զոհ լինել

Տիգրան Կարապետյանը պատրաստ է զոհ լինել

Այսօր Կառավարության նիստերի դահլիճում Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանի ստեղծած Ազգային ճակատը կիսադատարկ դահլիճում անցկացրեց իր համաժողովը:

Համաժողովը վարող Իշխան Թովմասյանը ներկայացրեց իրենց ազգային ճակատի կոչ-դիմումը` ուղղված ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև անհետաձգելի առաջարկություններն իշխանություններին: Իր կոչում ազգային ճակատը նշել է, որ իրենք ցանկանում են հիմք դնել այն համակարգին, որը միտված կլինի սոցիալական արդարությունն ու ժողովրդավարությունը վերականգնելուն, անկախ պետականության հզորացմանն ու հեղինակության բարձրացմանը, ներքին կայունության հաստատմանը:

Տիգրան Կարապետյանն իր ելույթում նշել է, որ իշխանությունը ժողովրդի ձեռքում չէ, և քանի որ իշխանությունը չի կարողանում ապահովել արդարություն, իրենք ուզում են, որ այդ իշխանությունը հեռանա: «Մենք գտնվում ենք անդունդի եզրին: Քսան տարի է` ինչի՞ մասին են բանակցում Ղարաբաղի հարցի շուրջ: Ինչի՞ մասին են երկխոսում իշխանությունն ու ընդդիմությունը: Մենք լուրջ ձևով, շատ լուրջ ձևով ցանկանում ենք, որ մեր երկիրը ավելի արդար լինի,  և այստեղ ես կարևորում եմ, որ արդարությունը լինի սոցիալական, սոցիալիստական»,- ասել է Կարպետյանը:

Ըստ Կարապետյանի` իրենք ուզում են այնպիսի երկիր ստեղծել, որտեղ օլիգարխները մուտք չունենան պետական ատյաններ:

Իր խոսքը Կարապետյանն ավարտել է  հետևյալ կերպ. «Մենք միշտ կլինենք ձեր կողքին, և եթե պետք լինի զոհ լինել, մենք կլինենք»: