Home / Հայաստան / Ռոբերտ Քոչարյանին և Արմինե Օհանյանին առայժմ դատարան չեն հրավիրի

Ռոբերտ Քոչարյանին և Արմինե Օհանյանին առայժմ դատարան չեն հրավիրի

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի գործով նախնական դատական նիստը:

Ինչպես տեղեկացնում է hraparak.am կայքը, դատական նիստին պարզ է դարձել, որ կողմերի միջև հաշտություն չի կայացել:

Այսօրվա դատական նիստին «Հրապարակի» ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը կրկին փորձել է հստակեցնել հայցի առարկան, թե հատկապես որ բառերն ու արտահայտություններն են որակվում որպես զրպարտություն, որոնք՝  վիրավորանք: Հայցվորի ներկայացուցիչներ Արփինե Մելիքբեկյանն ու Սարգիս Գրիգորյանն այսօր ևս պնդեցին իրենց միջնորդությունը՝ որպես վկա դատարան հրավիրել «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանին և վիճահարույց հոդվածի հեղինակ Լուսինե Պետրոսյանին:

Արա Զոհրաբյանը, իր հերթին, միջնորդել է նման պարագայում որպես վկա հրավիրել նաև Ռոբերտ Քոչարյանին, քանի որ «նրանից լավ ուրիշ ոչ ոք չի կարող ասել, թե հատկապես ինչից է վիրավորվել»:

Դատարանը ներկայացված միջնորդությունները բավարարել է մասնակի: Հաջորդ դատական նիստին վկայի կարգավիճակով դատարան կհրավիրվի հոդվածագիր Լուսինե Պետրոսյանը: