Home / Հայաստան / Վրաստանի Պատրիարքը խնդրել է առայժմ չքննարկել Առաքելական եկեղեցուն կարգավիճակ տրամադրելու հարցը

Վրաստանի Պատրիարքը խնդրել է առայժմ չքննարկել Առաքելական եկեղեցուն կարգավիճակ տրամադրելու հարցը

Վրաստանի պատրիարք Իլիա 2-րդը առաջարկել է դադարեցնել երկրում գործող մի քանի կրոնական միավորումներին իրավաբանական կարգավիճակ տրամադրելու մասին օրինագծի քննարկումը խորհրդարանում: Իլիա 2-րդի հայտարարության մեջ նշվում է, որ հուլիսի 1-ին առաջին ընթերցմամբ խորհրդարանում հաստատվել է տվյալ օրինագիծը:

«Կարծում եմ անհրաժեշտ է դադարեցնել սույն օրինագծին վերաբերող գործընթացը երկրորդ և երրորդ ընթերցումներում, բացի դա, այս հարցով անհրաժեշտ է հրապարակային բանավեճեր կազմակերպել, առնվազն հեռուստատեսային տարբերակով, որպեսզի միասնական հասարակական կարծիք ձևավորվի»,- ասված է Պատրիարքի հայտարարության մեջ, որի տեքստը մեջբերում է «Ինտերֆաքսը»:

Փաստաթղթում նշվում է, որ սա «պետության կազմավորման հիմնական սկզբունքները որոշող կարևորագույն հարցն է»: Միաժամանակ Իլիա 2-րդը հայտարարել է, որ վրացական ուղղափառ եկեղեցին երբեք դեմ չի եղել և միշտ պաշտպանել է այլ կրոններին Վրաստանում իրավաբանական կարգավիճակ տրամադրելու գաղափարը:

Օրինագծի ընդունմանը կողմ է վրացական խորհրդարանական մեծամասնությունը: Օրինագծի համաձայն, նախատեսվում է իրավաբանական կարգավիճակ տրամադրել Վրաստանի հետ սերտ պատմական կապեր ունեցող կրոնական միավորումներին: Դրանք են` կաթոլիկ եկեղեցին, Հայ առաքելական եկեղեցին, ինչպես նաև բապտիստները, ավետարանչականները, մահմեդականներն ու հուդայականները: