Home / Հայաստան / Ահաբեկիչները մարմնի մեջ պայթուցիկ տեղադրելու մեթոդներ են մշակում

Ահաբեկիչները մարմնի մեջ պայթուցիկ տեղադրելու մեթոդներ են մշակում

ԱՄՆ-ի իշխանությունները նախազգուշացրել են տեղական ավիաընկերություններին այն մասին, որ «Ալ Ղաիդա» ահաբեկչական խմբավորման անդամները մարմնի մեջ վիրահատական միջոցներով պայթուցիկ տեղադրելու նոր մեթոդներ են մշակում` իրենց ահաբեկչական հարձակումներն ինքնաթիռում իրականացնելու նպատակով, գրում է Guardian-ը:

Ըստ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների` ավիաընկերությունների անվտանգության աշխատակիցների տրամադրության տակ գտնվող սարքավորումները միշտ չէ, որ կարող են մարմնում տեղադրված ռումբ հայտնաբերել:

«Հաշվի առնելով օդանավակայաններում անվտանգության ապահովման հարցում տեխնոլոգիաների մեծ առաջընթացը` իրենց ահաբեկչական գործողություններն իրականացնելու նպատակով ահաբեկիչները սկսել են հետաքրքրություն ցուցաբերել առավել նորարարական միջոցների հանդեպ»,- ասել է ԱՄՆ տրանսպորտի անվտանգության ապահովման հարցերով դեպարտամենտի ներկայացուցիչ Կավիկա Ռիլին:

Փորձագետները պնդում են, որ պայթուցիկը հնարավոր է վիրահատական միջոցներով տեղադրել որովայնի, հետույքի և կրծքի մեջ, այնուհետև ինքնաթիռում ներարկման միջոցով գործի դնել պայթուցիկ սարքը:

Նման ռումբերը կարող են իրական սպառնալիք լինել նախևառաջ մերձավոր Արևելքում և Եվրոպայում, որտեղ ոչ բոլոր օդանավակայաններում կան համապատասպան անվտանգության ապահովման սարքավորումներ: