Home / Հայաստան / Հայաստանը 200 մլն դոլար վարկ կստանա Համաշխարհային բանկից

Հայաստանը 200 մլն դոլար վարկ կստանա Համաշխարհային բանկից

Համաշխարհային բանկը առաջիկա 2 տարիների ընթացքում Հայաստանին տրամադրելու է 200 մլն դոլար վարկ:  Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀԲ երևանյան գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հափին: Նրա խոսքով` 2011 թ. հուլիսի 6-ին Համաշխարհային բանկի խումբը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության հետ 2009-2013 թթ. «Երկրի գործընկերության ռազմավարության» ընթացիկ զեկույցը, որտեղ բարձր է գնահատվել Հայաստանի հետ համագործակցությունը:

Ըստ Հափիի` ՀԲ աջակցության շնորհիվ  Երևանում ջրամատակարարումը 2008թ. 17.4 ժամից դարձել է 21.5 ժամ, մանրէաբանական անվտանգությունը բազային 93 տոկոսից դարձել է 98 տոկոս: Ըստ բանախոսի՝ ՀԲ-ն այս տվյալները վերցրել է պաշտոնական վիճակագրությունից:  ՀԲ-ն նաև լուրջ ներդրումներ է իրականացրել ճանապարհաշինության, ոռոգման համակարգերի, առողջապահական ենթակառուցվածքների ոլորտներում:

Այդ գումարի մոտ կեսը կտրամադրվի Միջազգային զարգացման ընկերակցության (IDA) միջոցով, որը նախատեսում է վարկավորման արտոնյալ պայմաններ, մյուս կեսը՝  Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջոցով, որը նախատեսում է շուկայական վարկերին ավելի մոտ պայմաններ։