Home / Հայաստան / Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է

Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է

Ռոստովում այսօր աշխատանքներն է սկսել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը։ Նախքան 13-րդ նիստի բացումը տեղի է ունեցել հանձնաժողովի համանախագահներ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինի առանձնազրույցը։

«Հանձնաժողովի նախորդ` 12-րդ նիստից հետո ընկած ժամանակահատվածում մեր երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության շոշափելի աճ է արձանագրվել: Այսպես, Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 2010 թվականին աճել է ավելի քան 10 տոկոսով և հասել գրեթե 1 միլիարդ դոլարի: Իսկ ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների ընթացքում` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, առևտրաշրջանառությունը մեր երկրների միջև ավելացել է 13 տոկոսով: Մեծ ուշադրության է արժանի հայկական ապրանքների արտահանման տեմպերի աճը ռուսական շուկա, որը 2010 թվականին աճել է ավելի քան 40 տոկոսով. ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների ընթացքում արձանագրվել է այս ցուցանիշի աճ` 27 տոկոսով», – ասել է Տիգրան Սարգսյանը:

Նա վստահություն է հայտնել, որ երկկողմ տնտեսական ներուժը մեծ է, և լավ հնարավորություններ կան խորացնելու համագործակցությունը, ինչպես արդյունաբերության մի շարք ճյուղերի, այնպես էլ գյուղատնտեսության, տուրիզմի և տնտեսության այլ ոլորտներում. «Մեր երկրների հետագա համագործակցության խորացման նպատակով ներկայում անհրաժեշտ է ամրապնդել փոխադարձ կապերը և կարգավորել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող նոր ներդրումային ծրագրերի իրականացումը»:

Նիստին հաջորդել է հանձնաժողովի համանախագահների մամուլի համատեղ ասուլիսը, որի ընթացքում հանձնաժողովի համանախագահները գոհունակություն են հայտնել կատարված աշխատանքների կապակցությամբ: Հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Իգոր Լևիտինը նշել է. «Ստորագրման է նախապատրաստվում երկկողմ 10 համաձայնագիր ու հուշագիր: Կուզենայի շնորհակալություն հայտնել հայկական կողմին Ազատ տնտեսական գոտու ստեղծման համար: Կարծում եմ` դա կարագացնի այն ձեռնարկությունների աշխատանքը, որոնք փոխանցվել էին ռուսական կողմին: Ցանկանում եմ նշել, որ Ռուսաստանի Դաշնությունն աջակցում է ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամից «Նաիրիտ» ձեռնարկության արդիականացման համար միջոցների տրամադրմանը: Կարող ենք փաստել, որ տնտեսության արդիականացումը, Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի խորացումը կօժանդակեն մեր հարաբերությունների զարգացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում»: