Home / Հայաստան / Քանի դեռ չկա պաշտոնական որոշում, ՀԱԿ-ը չի մեկնաբանում երկխոսության մասին հայտարարությունը

Քանի դեռ չկա պաշտոնական որոշում, ՀԱԿ-ը չի մեկնաբանում երկխոսության մասին հայտարարությունը

«Մենք դեռ չունենք որևէ պաշտոնական որոշում, հրամանագիր կամ կարգադրություն երկխոսության համար իշխանությունների կողմից ձևավորված պատվիրակության մասին, ուստի առայժմ ձեռնպահ ենք մնում որևէ մեկնաբանությունից», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Հայ Ազգային Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը՝ ի պատասխան մեր խնդրանքին մեկնաբանել հուլիսի 9-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանի հնչեցրած՝ իշխանությունների կողմից Կոնգրեսի հետ երկխոսության համար պատվիրակություն կազմելու հայտարարությանը:

Հիշեցնենք, որ երեկ news.am կայքի հետ զրույցում Արմեն Արզումանյանն ընդդիմության հետ երկխոսության վերաբերյալ ասել էր հետևյալը.

«Եթե հիշում եք, իր` հունիսի 17-ի անդրադարձում Հանրապետության նախագահը հստակ նշել էր, որ եթե մեկ կոնկրետ հարցի շուրջ բանակցությունների փոխարեն Հայ ազգային կոնգրեսն իրապես պատրաստ է շարունակել երկխոսությունը մեր երկրի զարգացման ուղեգծին, արտաքին ու ներքին քաղաքականությանն առնչվող կարևորագույն հարցերի լայն շրջանակում և ցանկություն ունի դա իրականացնել միայն հատուկ նշանակված մարդկանց միջոցով, ապա կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները կարող են նստել քննարկումների սեղանի շուրջ: Հունիսի 30-ի իր ելույթում Լևոն Տեր-Պետրոսյանը, ըստ էության, դրական պատասխանեց այս առաջարկին` նշելով. «Երկխոսություն՝ այո´, բայց ոչ թե երկրորդական, այլ առաջին հերթին հիմնական հարցերի շուրջ»:

Ողջունելով նման արձագանքը` Կոալիցիոն կուսակցությունները ձևավորել են համապատասխան աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են երկուական ներկայացուցիչ յուրաքանչյուր կուսակցությունից: Առաջիկա օրերին կհրապարակվի խմբի անդամների ցանկը, և առաջին աշխատանքային քննարկումը հնարավոր կլինի կազմակերպել արդեն գալիք տասնօրյակում»: