Home / Հայաստան / Վորոնեժի շրջանում պահանջում են վտարել հայերին ու ադրբեջանցիներին

Վորոնեժի շրջանում պահանջում են վտարել հայերին ու ադրբեջանցիներին

Վորոնեժի շրջանի Կոզլովկա գյուղի բնակիչները նախօրեին գյուղական ակումբում հանդիպում են ունեցել իշխանությունների  և ոստիկանության ներկայացուցիչների հետ: Մոտ 200 գյուղացիներ իշխանություններից պահանջել են արտաքսել իրենց հարևաններ ադրբեջանցիներին ու հայերին, որոնց հետ կողք կողքի ապրել են երկար տարիներ, գրում է «Мое Онлайн»-ը:

Գյուղացիները նման պահանջով են հանդես եկել այն բանից հետո, երբ երկու շաբաթ առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել երկու երիտասարդների միջև, որոնցից մեկն ազգությամբ ադրբեջանցի է եղել, իսկ մյուսը ռուս: Տեղի բնակիչների խոսքով` ռուս տղան, գտնվելով ոչ սթափ վիճակում, ադրբեջանցուն կոնֆլիկտի է սադրել, ինչի արդյունքում սկսված վիճաբանությունը ծեծկռտուքի է վերածվել: Երկու կողմերն էլ ընդունել են իրենց մեղքն ու չեն դիմել ոստիկանություն:

Ավելի ուշ` հուլիսի 6-ին, գյուղական ակումբում ևս մեկ բախում է տեղի ունեցել: Այս անգամ կռվի մեջ են ներքաշվել ծագումով հայ Ռոբերտ Կոշելյանն ու ազգությամբ ռուս Ալեքսեյ Լեպյոխինը, ինչի հետևանքով վերջինս կոտրված ծնոտով հիվանդանոցում է հայտնվել: Տուժածի ծնողները հայ ընտանիքից 100 հազար ռուբլու չափով փոխհատուցում են պահանջել:

Հուլիսի 7-ին մոտ 40 հոգի` զինված ռետինե մահակներով, որոշել են «խոսել» ադրբեջանցու և հայի ծնողների հետ: Այդ օրը գործը ծեծկռտուքի չի հասել:

Սակայն հուլիսի 9-ին գյուղացիների 500 հոգանոց խումբը իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համար որոշել է հավաքվել ադրբեջանական բարի մոտ:

«Բնակիչները նման կերպ ցանկանում էին իրենց բողոքն արտահայտել համագյուղացիների միջև ծագած բախումների կապակցությամբ»,- պատմել է Կոզլովկայի գյուղապետ Ալեքսանդր Գոլովկովը: Հանկարծ մեքենա է մոտեցել, որում 5 հարբած տղամարդիկ են եղել, և աղաղակելով «Ջարդելու ենք, ծեծելու ենք, վտարելու ենք ոչ ռուսներին», հարձակվել են Ռոբերտի վրա:

Արդյունքում` ծեծի է ենթարկվել ոչ միայն Ռոբերտը, այլ նաև նրա մայրը: Կնոջը գետնին են տապալել և հարվածել ոտքին: Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը բաժին է տարել բռնության ենթարկված Ռոբերտ Կոշելյանին:

Ռոբերտ Կոշելյանին ծեծի ենթարկած տղամարդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Եվ չնայած այս միջոցառումներին, գյուղական համայնքը պահանջել է, որպեսի իշխանությունները գյուղից արտաքսեն ադրբեջանցիներին և հայերին: