Home / Հայաստան / ՀԱԿ-ը պահանջում է դադարեցնել Հրանտ Բագրատյանի նկատմամբ իրականացվող ֆինանսական ահաբեկչությունը

ՀԱԿ-ը պահանջում է դադարեցնել Հրանտ Բագրատյանի նկատմամբ իրականացվող ֆինանսական ահաբեկչությունը

Օգտվելով իր իսկ կողմից ստրկացված դատական համակարգին ապօրինի որոշումներ թելադրելու հնարավորությունից` վարչախումբը շարունակում է ընդդիմադիր գործիչների նկատմամբ մանրախնդիր քաղաքական հալածանքները։ Այս մասին ասված է այսօր տարածած Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարության մեջ, որում անդրադարձ է կատարվում ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանին տուգանելուը մասին դատական որոշումներին:

«Քաղաքական հալածանքների վառ օրինակներից է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի նկատմամբ դատական ապօրինությունները, որ ձգվում է արդեն 3 տարի։ 2008թ. փետրվարին Հ. Բագրատյանը հրապարակավ քննադատել էր «Հայխնայբանկի» սեփականաշնորհումը և «Ագրոբանկի» օտարումը՝ ի ցույց դնելով այդ գործարքների հիմքում ընկած խարդախությունները և դրանում մեղադրելով այն ժամանակվա ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանին։ Դատարանն անկարող եղավ շրջանցել Հ. Բագրատյանի՝ այդ գործարքներում տեղ գտած զարհուրելի օրինախախտումների մասին բերած փաստերը։ Սակայն, օրինախախտներին պատժելու փոխարեն, կառչելով նախկին վարչապետի խոսքում «լուծարում» բառի փոխարեն օգտագործված «օտարում» բառից, ոչ միայն նրանից բռնագանձեց 1,2 միլիոն դրամ տուգանք, այլեւ Տ. Սարգսյանի ճնշմամբ, ապօրինի որոշում կայացրեց՝ Հ. Բագրատյանին պարտադրելով համապատասխան տեքստով ներողություն խնդրել Տ. Սարգսյանից։ Դատարանի որոշման ապօրինի մասը նախկին վարչապետը հրաժարվեց կատարել, ինչի արդյունքում արդեն չորրորդ անգամ դատարանը նրան 400.000-ական դրամ տուգանք է սահմանում։

Հայ Ազգային Կոնգրեսը պաշտպանում է Հ. Բագրատյանի քաղաքացիական դիրքորոշումը և պահանջում անմիջապես դադարեցնել նրա նկատմամբ իրականացվող ֆինանսական ահաբեկչությունը։ Ինչպե՞ս կարող է որեւէ մեկից ներողության ակնկալիք ունենալ բարոյականության բոլոր սահմանները խախտած և հանցավորության դաշտ մտած մի մարդ՝

– որը երկրին 50 միլիոն դոլարի վնաս է հասցրել հանրապետության ոսկու պաշարի սպեկուլյացիայի շնորհիվ,

– որի պաշտոնավարման տարիներին Հայաստանից 200,000 մարդ է արտագաղթել, իսկ ինքը բացառիկ ցինիզմով հրապարակավ հրճվում է արտագաղթով՝ դա համարելով Հայաստանում հեղափոխության կանխման միջոց,

– որի օրոք գրեթե վերացել է մանր ու միջին բիզնեսը,

– որի օրոք ոչնչացել է հայկական գյուղը,

– որի օրոք Հայաստանը «Աշխարհի վատագույն տնտեսություններ» աղյուսակում հայտնվել է երկրորդ տեղում` Մադագասկարից հետո,

– որի օրոք դրամի փոխարժեքն արհեստականորեն պահպանելու նպատակով մսխվել է Հայաստանի միջազգային պահուստների կեսից ավելին և որի հետևանքով կործանման եզրին է հասել տեղական արտադրությունը։

Մի կողմ դրած Տ. Սարգսյանի գործունեության ընթացքում դեռ բացահայտվելիք տասնյակ խայտառակություններն ու հանցանքները, արդեն իսկ թվարկված բացահայտներն ու հանրահայտները բավարար են նրան ոչ միայն պաշտոնանկ անելու, այլև քրեական պատասխանատվության ենթարկելու համար», – ասված է Կոնգրեսս հայտարարության մեջ։