Home / Հայաստան / Նալբանդյանը` Լավրովին. «Հայաստանը մոտ ժամանակներս կպատասխանի Մեդվեդևին»

Նալբանդյանը` Լավրովին. «Հայաստանը մոտ ժամանակներս կպատասխանի Մեդվեդևին»

Հայաստանը մոտ ժամանակներս կպատասխանի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի արած առաջարկներին: Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ այսօր ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հուլիսին ՌԴ ԱԳ նախարարն այցելել էր Հայաստան և Ադրբեջան և կողմերի առաջնորդներին փոխանցել Դմիտրի Մեդվեդևի ուղերձը, որում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ առաջարկներ էին արված:

Նալբանդյանն ու Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են մի շարք խնդիրների, ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ռուսական կողմին էր փոխանցել Մեդվեդևի առաջարկներին Իլհամ Ալիևի պատասխանը:

Ադրբեջանի ԱԳ նախարարը հրաժարվել էր բացել նախագահի պատասխանի մանրամասները:

«Ամբողջությամբ չեմ մանրամասնի բովանդակությունը… Սա իմ նախագահի նամակն է Դմիտրի Անատոլևիչին, սխալ կլինի մանրամասների մասին խոսել»,-նշել էր նախարարը:

Լավրովի խոսքով` Մեդվեդևը դեռ չի կարդացել պատասխան նամակը:

Մամեդյարովը նաև նշել է, որ «նախ պետք է սպասել հայկական կողմի պատասխանին»: