Home / Հայաստան / ՀԱԿ-ն ու իշխանությունը ավելի շատ ընդհանրություն ունեն, քան տարբերություններ. Րաֆֆի Հովհաննիսյան

ՀԱԿ-ն ու իշխանությունը ավելի շատ ընդհանրություն ունեն, քան տարբերություններ. Րաֆֆի Հովհաննիսյան

Երեկ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը և խորհրդարանական համանուն խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, վարչության անդամներ Կարինե Հակոբյանը և Սուսաննա Բարխուդարյանը Էջմիածին քաղաքում հանդիպել են շրջանի բնակիչների հետ:

Ինչպես նշվում է «Ժառանգության» տարածած մամուլի հաղորդագրության մեջ, զրույցի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես, իր բացասական վերաբերմունքն է հայտնել նախորդ շաբաթ կայացած Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի անդամներին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հաստատելու որոշման հետ կապված` նշելով, որ «հերթական անգամ ընդդիմությունը, ուստիև ժողովուրդը, մեկուսացվում է քաղաքական գործընթացներից»:

Ինչ վերաբերում է իշխանություն-ՀԱԿ երկխոսությանը, ապա, ըստ Հովհաննիսյանի, այդ գործընթացից Հայաստանի քաղաքացին և իր պետությունը հազիվ թե շահ ունենա:

«Թող որ բեմականացում չլինի, ոչ էլ կառավարվող դիպաշար. նրանց ամենաբարին մաղթելով` մենք արդեն տեսել ենք, որ կողմերը շատ ավելի ընդհանրություն ունեն, քան տարբերություններ», – նշել է Հովհաննիսյանը: