Home / Հայաստան / Մայր Աթոռը մեղադրում է պատմաբանին «հանդուգն հայտարարության համար»

Մայր Աթոռը մեղադրում է պատմաբանին «հանդուգն հայտարարության համար»

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի մամլո խոսնակ Տ. Վահրամ քահանա Մելիքյանն արձագանքել է պատմաբան Սամվել Կարապետյանի ArmInfo գործակալությանը տված հարցազրույցին` նշելով, որ վերջինս խեղաթյուրված է ներկայացրել Գարեգին Բ-ի խոսքերը:

«Պրն. Սամվել Կարապետյանն ամբողջությամբ խեղաթյուրված է ներկայացնում զրույցը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ: Անամոթություն և լկտիություն է եկեղեցիների և սրբավայրերի պահպանության առնչությամբ ավելի ցավսիրտ ներկայանալ, քան Ամենայն հայոց կաթողիկոսը կամ որևէ թեմական առաջնորդ և եկեղեցական: Նորին Սրբության ուշադրության ներքո են բոլոր վանքերն ու եկեղեցիները, սակայն Մայր Աթոռ Ս. Էջմիածինն ի վիճակի չէ բոլոր վանքերի նորոգությունը միաժամանակ իրագործել և բազմիցս այդ մասին ասվել է, որ մեր հոգևոր ժառանգության պահպանությունն կարելի է իրականացնել միայն պետության հովանավորությամբ և աջակցությամբ: Այդուհանդերձ Մայր Աթոռն իր սուղ միջոցներով հանդերձ հետամուտ է նորոգության առավել կարիքի մեջ գտնվող վանքերի ու եկեղեցիների: Իսկ նորոգված և այսօր նորոգվող տաճարները, ինչպես օրինակ` Գեղարդավանքը, Հառիճավանքը, Սաղմոսավանքը, Նորավանքը, Խոր Վիրապը, Ապարանի Ս. Խաչը, Տաթևը և բազում այլք, խոսուն վկայությունն են հնչող մեղադրանքների անհեթեթության», -հայտարարել է խոսնակ Տ. Վահրամ քահանա Մելիքյան:

Նշենք, որ հարցազրույցում Կարապետյանն ասել էր, որ ինքը Գարեգին Բ-ին ներկայացրել է Սանահին վանքային համալիրի խնդիրներն է և առաջարկել է կաթողիկոսին նոր եկեղեցիների կառուցման համար նախատեսված միջոցների թեկուզ մի մասն ուղղորդել Սանահինի խնդրի լուծմանը:

Կարապետյանի փոխանցմամբ, Գարեգին Բ-ն հայտարարել էր, որ որևէ գործ չունի լեռներում գտնվող վանքերի և եկեղեցիների հետ: