Home / Հայաստան / Ախթալայի բնակիչները նամակ են գրել` ի պաշտպանություն մանկապղծության մեջ մեղադրվող գործարարի

Ախթալայի բնակիչները նամակ են գրել` ի պաշտպանություն մանկապղծության մեջ մեղադրվող գործարարի

Ախթալայի և շրջակա գյուղերի շուրջ 2500 բնակիչներ ստորագրել են Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի սեփականատեր, ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի դրական բնութագրի տակ, որ դատարանը նրա նկատմամբ մեղմ վարվի: Այս մասին տեղեկացնում է «Հայկական ժամանակ» («ՀԺ») օրաթերթը:

Թերթի տվյալներով, ստորագրությունները կցված են քրգործին և կազմում են 1,5 հատոր: Ախթալան պաշտոնապես ունի 2400 բնակիչ: Տեր-Պողոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ գործում առկա են իր պաշտպանյալին սատարող ստորագրություններ: Սերոբ Տեր-Պողոսյանի` Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատը դռնփակ է, և լրագրողները զրկված են այն լուսաբանելու հնարավորությունից: Տուժողները Ախթալայում բնակվող պատանիներ և երիտասարդներ են, և նրանց ծնողները դատարանում ոչ միայն Սերոբ Տեր-Պողոսյանի դեմ բողոք չեն ներկայացնում, այլև նրա հասցեին գովեստի խոսքեր են շռայլում ու շնորհակալություն հայտնում`իրենց ֆինանսապես օգնելու համար, գրում է օրաթերթը:

Դատավարությունը ներկայումս գտնվում է տուժողների հարցաքննության փուլում:

Նշենք, որ դատավարությունների ընթացքում Ախթալայի բնակիչները բացասաբար են վերաբերվում դատարանի մոտ սպասող լրագրողներին: Մասնավորապես, հուլիսի 26-ին կայացած դատական նիստից հետո հարցաքննվող տուժածների ծնողներից մեկը մոտեցել է հetq.am կայքի լրագրողին և սպառնացել, հայտարարելով, որ «նա դեռ պատասխան կտա»: