Home / Հայաստան / ՖՈՏՈՇԱՐՔ. Երևանում Վարդավառը տոնում են նաև զբոսաշրջիկները

ՖՈՏՈՇԱՐՔ. Երևանում Վարդավառը տոնում են նաև զբոսաշրջիկները

Քրիստոսի պայծառակերպության տոնը, որը ժողովուրդն անվանում է Վարդավառ, այս տարի նշվում է հուլիսի  31-ին: Այն համարվում է Հայ Առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկը:

Հայ Առաքելական եկեղեցին Քրիստոսի պայծառակերպությունը տոնում է Զատկից 98 օր հետո` հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1- ն ընկած ժամանակահատվածում: Այդ օրը մարդիկ միմյանց վրա ջուր են լցնում, ժողովրդկան լեզվով ասած` «ջրոցի» խաղում:

Այսօր քաղաքի բոլոր փողոցներում կարելի էր տեսնել թե ջրող և թե ջրվող մարդկանց:

Երևանի կենտրոնում գտնվող Կարապի լճում ևս  բազմաթիվ քաղաքացիներ ջրոցի էին խաղում: Նման աշխուժություն էր նաև Հանրապետության հրապարակի շատրվանների մոտ:

Վարդավառի տոնին մասնակցում էին նաև բազմաթիվ զբոսաշրջիկներ, որոնք նախ զարմացած նայում էին ջրվողներին, այնուհետև, երբ իմանում էին տոնի խորհուրդը, մեծ ոգևորվածությամբ միանում էին զվարճանքին:

Epress.am-ի հետ զրույցում Կարապի լճում Վարդավառի մասնակիցներից Հրանտը նշել է, որ ինքը Ռուսատանից է  եկել, և թեև նախկինում շատ Վարդավառներ է Հայաստանում նշել, բայց նման աշխուժության, մասնավորապես, Կարապի լճի մոտ առաջին անգամ է ականատես եղել: «Ես տոնի մասին շատ բան չգիտեմ, քանի որ այստեղ չեմ ապրում, բայց այս օրը շատ եմ սիրում, երբ մարդիկ իրար ջրում են»,- ասել է  Հրանտը:

Մեկ այլ երիտասարդ էլ նշել է, որ ինքն ու իր հարազատներն այս տոնը ամեն տարի շատ լավ են նշում, սկզբում  միմյանց ջրում են բակում, հետո  գալիս են Կարապի լիճ, իսկ հետո սեղանք գցում բակում և նման կերպ են շարունակում նշել Վարդավառը: