Home / Հայաստան / Չայկովսկու անվան մրցույթի հաղթողը չի պատրաստվում բնակվել Հայաստանում

Չայկովսկու անվան մրցույթի հաղթողը չի պատրաստվում բնակվել Հայաստանում

Չայկովսկու անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը գտնում է, որ Հայաստանը չի կարող երաժիշտներին ապահովել այն ամենով, ինչ նրանց տալիս են այլ երկրները: Այդ իսկ պատճառով երաժիշտը չի պատրաստվում մշտական բնակություն հաստատել Հայաստանում:

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին Հախնազարյանը պատմել է Չայկովսկու մրցույթի և իր ապագա ծրագրերի մասին:

«Ես դեռ մրցույթի ավարտից առաջ ասում էի, որ այս տարի թավջութակահարների մրցույթը եղել է ամենաուժեղը, իրոք, բարձրագույն մակարդակ էր: Հայաստանը չի կարող երաժիշտներին ապահովել այն ամենով, ինչով այլ երկրները կարող են: Մոտ ապագայում չեմ պլանավորում մշտական մնալ Հայաստանում, բայց կգամ, մաստեր-կլաս կտամ, մարզերում համերգներ կտամ: Եթե մենք չանենք, ապա էլ ո՞վ: Շուտով պատրաստվում եմ տեղափոխվել Եվրոպա: Նվագելու եմ Տոկիոյում, Լոնդոնի ազգային ֆիլհարմոնիկում, Ռուսաստանի տարբեր քաղաքներում տուրերի եմ գնալու»,- ասել է Հախնազարյանը:

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում երիտասարդ երաժիշտը պատմել է, որ մաստեր-կլասի դասեր է ստացել աշխարհահռչակ թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչի մոտ:

«Մստիսլավ Ռոստրոպովիչն ինձ շատ է օգնել, ես միակ թավջութակահարն եմ եղել, որ իր ֆոնդի կողմից ճամփորդել եմ: Երբ նա Ռուսաստանում էր լինում, ինքն էր զանգում և ցանկություն հայտնում լսել ինձ, շատ ջերմ հայրական հարաբերություններ կային», – 2007 թվականին մահացած աշխարհահռչակ թավջութակահարի մասին պատմել է Հախնազարյանը: