Home / Հայաստան / Տեր-Պետրոսյանը չի կասկածում, որ աշնանը լուրջ բեկում է տեղի ունենալու

Տեր-Պետրոսյանը չի կասկածում, որ աշնանը լուրջ բեկում է տեղի ունենալու

Ներկա պահին Հայաստանի ներքաղաքական կյանքի ամենանշանակալից իրադարձությունը Հայ Ազգային Կոնգրեսի և իշխանության միջև սկսված ֆորմալ երկխոսությունն է։

Այս մասին ՀԱԿ-ի այսօրվա հանրահավաքին հնչեցրած իր ելույթում հայտարարել է Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Անկախ այն բանից, թե որոշ քաղաքական ուժեր, լրագրողներ ու վերլուծաբաններ ինչպես են գնահատում այդ գործընթացը, ակնհայտ է, որ ժողովրդի մեծամասնությունը կողմ է խնդիրների խաղաղ, անցնցում կարգավորմանը, մանավանդ, երբ դա տեղի է ունենում ոչ թե փակ դռների ետևում, այլ բաց, թափանցիկ բանակցությունների միջոցով», – ասել է ընդդիմության ղեկավարը։

Տեր-Պետրոսյանը նշել է, որ բոլորին հետաքրքրում է ոչ թե երկխոսության սոսկ կայացման փաստը, այլ բուն բովանդակությունը։

«Մենք բացեիբաց ու բազմիցս հայտարարել ենք, որ երկխոսությունից ընդամենը մեկ արդյունք ենք սպասում, այն է՝ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացում՝ որպես ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման եւ երկիրը նորանոր կորուստներից փրկելու միակ միջոց, կարեւորելով մանավանդ ժամանակի գործոնը։ Այսինքն, իշխանության հետ ընթացող բանակցություններին մենք մասնակցում ենք երկրում կուտակված ծանրագույն խնդիրների լուծման կոնկրետ առաջարկով։ Եթե իշխանական պատվիրակությունն ունի այդ տիպի խնդիրներին, ինչպես օրինակ, ժողովրդի սոցիալական վիճակի բարելավմանը, տնտեսության առողջացմանը, կոռուպցիայի վերացմանը, արտագաղթի կանխմանը, մարտի 1-ի սպանությունների բացահայտմանը, դատարանների անկախության ապահովմանը վերաբերող այլ լուծումներ, մենք պատրաստ ենք քննարկել դրանք։ Դժբախտաբար, մինչ օրս կայացած հանդիպումների ընթացքում այդ պատվիրակությունը մեզ որևէ այդպիսի լուծում չի ներկայացրել, ինչը նշանակում է, որ իշխանությունը վերոհիշյալ խնդիրները լուծելու ո՛չ մտադրություն, ո՛չ էլ կարողություն չունի։ Հետևաբար, այլընտրանքի բացակայության պատճառով, այդ խնդիրների լուծման միակ հնարավորությունը մնում է արտահերթ ընտրությունների միջոցով նոր իշխանության ձևավորումը», – հայտարարել է ՀԱԿ առաջնորդը։

Իր ելույթում Տեր-Պետրոսյանը խոսել է ընդդիմության տեսանկյունից արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին` այլ փաստարկների շարքում առանձնացնելով, իր խոսքով, ամենակարևորը, որը, «սակայն, չգիտես ինչու, մոռացության է մատնված»։

«Հանրության մոտ կարծիք է ձևավորվել, թե իբր 2008թ. նախագահական ընտրությունների արդյունքները եւ Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը չեն ճանաչել միայն Հայ Ազգային Կոնգրեսի կողմնակիցները։ Այնինչ հայտնի է, որ սկզբնապես այդ ընտրությունները կեղծված են համարել նաև Դաշնակցության և Օրինաց երկրի թեկնածուները, ինչն արձանագրված է, մասնավորապես, միջազգային դիտորդական առաքելությունների զեկույցներում։ ՕԵԿ-ի ներկայացուցիչն այդ մասին բարձրաձայնել է անգամ Համաժողովրդական շարժման տասնօրյա հետընտրական հանրահավաքներից մեկում։ Իսկ այն, որ Դաշնակցության և ՕԵԿ-ի թեկնածուները, հետագայում գործարք կնքելով Սերժ Սարգսյանի հետ, ընդգրկվեցին կոալիցիոն կառավարության կազմում, ոչնչով չի փոխում նրանց նախնական գնահատականը, որովհետև դա արդեն պատմական փաստ է, իսկ պատմական փաստերը փոփոխության ենթակա չեն», – ասել է Տեր-Պետրոսյանը։

Ելույթի ընթացքում ընդդիմության առաջնորդը հիշեցրել է, որ իշխանական պատվիրակության հետ սկսված բանակցություններում Կոնգրեսը բարձրացրել է ընդամենը օրակարգային մեկ հարց՝ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացում:

Տեր-Պետրոսյանի խոսքով` ընդդիմությունը միաժամանակ ներկայացրել է ընտրությունների օրինականության ապահովման մեխանիզմների մի փաթեթ, որն ընդգրկում է հետեւյալ պահանջները.

1. Կենտրոնական ընտրական և ստորադաս հանձնաժողովների ձեւավորումը պետության կողմից.

2. Ազգային Ժողովի բոլոր 131 տեղերի համալրումը համամասնական ընտրակարգով.

3. Քվեարկության մասնակիցների կողմից ստորագրված ընտրացուցակների հրապարակայնության ապահովումը.

4. Բազմակի քվեարկության բացառման նպատակով քվեարկության մասնակիցների մատների թանաքոտումը.

5. Ընտրական տեղամասերում եւ նրանց մուտքի մոտ տեսախցիկների տեղադրումը.

6. Յուրաքանչյուր տեղամասում, առավոտյան ժամը 8-ից մինչեւ քվեների հաշվարկի ավարտը, առնվազն մեկ միջազգային դիտորդի մշտական ներկայության ապահովումը եւ այլն։

«Այս մեխանիզմների կիրառումն, անտարակույս, զգալիորեն կնվազեցնի ընտրությունների կեղծման հնարավորությունը, բայց միեւնույն է, դրանով հարցն ամբողջությամբ չի լուծվի, քանի որ իշխանության ձեռքում կա մի հզորագույն լծակ, որը կարող է ի չիք դարձնել նրանց արդյունավետությունը։ Խոսքը վերաբերում է ընտրողների ընդհանուր թվին, որն, իմ հաստատ համոզմամբ, վերջին մի քանի ընտրությունների ընթացքում (2003, 2007, 2008 թթ.) ուռճացվել է շուրջ 500 հազարով՝ Հայաստանից վաղուց հեռացած, բայց դեռեւս հաշվառումից դուրս չեկած քաղաքացիների հաշվին։ Այս իրողությունն ինձ հիմք է տալիս ամենայն պատասխանատվությամբ պնդելու, որ Հայաստանի բնակչության իրական թիվը շուրջ 2 500 000 է, իսկ ընտրողների թիվը՝ շուրջ 1 900 000», – ասել է Տեր-Պետրոսյանը։

Նա նշել է երկրից բացակա քաղաքացիների շուրջ 500000 քվեաթերթիկների շրջանառությունը կողմնակիորեն հաստատվում է նախորդ նախագահական ընտրությունների հետ կապված մի փաստով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից 2008թ. փետրվարի 19-ի երեկոյան ժամը 7-ին հրապարակված հաղորդագրության համաձայն՝ այդ պահի դրությամբ քվեարկությանը մասնակցել էր շուրջ 1 100 000 քաղաքացի։

«Մեկ ժամ անց, սակայն, հայտարարվեց, որ քվեարկողների թիվը կազմել է 1 671 000 մարդ։ Այսինքն՝ նախորդ տասնմեկ ժամերի ընթացքում քվեարկել է 1 100 000, իսկ վերջին մեկ ժամում՝ 571000 մարդ, ինչը պարզապես անհնար է, քանի որ ո՛չ տեխնիկապես, ո՛չ ֆիզիկապես, ո՛չ էլ ժամանակաչափով (խրոնոմետրաժով) մեկ ժամում այդքան մարդ չէր կարող քվեարկել, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ գյուղական շուրջ 900 համայնքներում քվեարկությունն, ըստ էության, կեսօրին արդեն ավարտված էր, և հետևաբար, մնացյալ շուրջ 1000 տեղամասերից յուրաքանչյուրին մեկ ժամի համար բաժին էր ընկնում 571 հոգի, որոնց ոչ մի ընտրատեղամաս ի վիճակի չէր սպասարկել այդքան կարճ ժամանակում… Ուստի քանի դեռ ընտրացուցակները չեն համապատասխանեցվել ընտրողների իրական թվին, Հայաստանում երբևէ օրինական ընտրություններ չեն կարող տեղի ունենալ, և լեգիտիմ իշխանություն չի կարող ձևավորվել։ Հարցերի հարցն, ըստ այդմ, ընտրացուցակների մաքրումն է շուրջ 500000 ավելորդ անուններից։ Եթե երկխոսության կամ բանակցությունների ներկա փուլում իշխանական պատվիրակությունը կարողանա լուծել թեկուզ այս մեկ հարցը, կհամարենք, որ արդեն իսկ մեծ գործ է կատարվել օրինականության վերականգնման ուղղությամբ», – ասել է Տեր-Պետրոսյանը։

Ելույթի վերջում Տեր-Պետրոսյանը հիշեցրել է նախորդ հանրահավաքում արված իր հայտարարությունը, որը, նրա խոսքով, այսօր էլ ուժի մեջ է:

«Եթե առաջիկա մեկ–երկու ամսում իշխանությունները վերջնականապես չկողմնորոշվեն արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում, ապա ողջամիտ կոչված ժամկետը սեպտեմբերին սպառված կհամարվի, և մեր օրակարգում կմնա ընդամենը մեկ պահանջ, այն է՝ Սերժ Սարգսյանի և իշխող կոալիցիայի անվերապահ հրաժարականը։ Հարկ եմ համարում շեշտել, որ սա ոչ թե վերջնագիր է, այլ ընդամենը զգուշացում։ Թեև իշխանության ներկայացուցիչները մերթընդմերթ հոխորտում են, թե մեզ թույլ չեն տա իրենց հետ վերջնագրերով խոսել, բայց վերջնագրի ժամանակն էլ կարող է գալ, որովհետև Սահմանադրությամբ դա արգելված չէ։ Ես չեմ սիրում թեժ աշուն, թեժ գարուն կամ նման այլ արտահայտությունները, բայց չեմ կասկածում, որ սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին Հայաստանի քաղաքական ճգնաժամի հաղթահարման հարցում լուրջ բեկում կամ վերջնական հստակեցում է տեղի ունենալու», – ասել է Տեր-Պետրոսյանը։

Նա նշել է նաև, որ հաջորդ հանրահավաքը կկայանա սեպտեմբերի 9-ին, եթե «մինչ այդ հրատապ արձագանք պահանջող որևէ արտակարգ իրադարձություն չպատահի»։