Home / Հայաստան / Սեպտեմբերին` նախագահի հրաժարական, հոկտեմբերին` արտահերթ ընտրություններ. Կոնգրեսն առաջարկում է

Սեպտեմբերին` նախագահի հրաժարական, հոկտեմբերին` արտահերթ ընտրություններ. Կոնգրեսն առաջարկում է

Հայ Ազգային Կոնգրեսի և իշխանական կոալիցիայի այսօրվա հանդիպման ժամանակ կողմերը երկար քննարկում են ունեցել ընթացիկ օրակարգի վերաբերյալ  և հանգել են այն եզրակացության, որ ամբողջությամբ սպառելու են առաջին հարցի քննարկումը և դրանից հետո միայն անցնելու են իշխանական պատվիրակության առաջարկած հարցի քննարկմանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱԿ-ի պատվիրակության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

«Մենք քննարկելու ենք օրակարգի մեջ ընդգրկված առաջին հարցը, այսինքն` արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման, ինչպես նաև այդ ընտրություների օրինականության ապահովման միջոցառումների հարցը:

Մենք չենք եկել այստեղ փոխանակել կարծիքներ երկրի իրավիճակին վերաբերող այս կամ այն հարցի վերաբերյալ, մենք եկել ենք այստեղ` քննարկելու կոնկրետ լուծումներ: Ժողովուրդը, հասարակությունը այս երկխոսությունից սպասում է կոնկրետ արդյունքներ, և մենք ամբողջ երկխոսությունը կառուցում ենք այնպես, որ ապահովենք այդ արդյունքները», – ասել է Լևոն Զուրաբյանը:

Նա նշել է, որ Կոնգրեսն առաջարկել էր ամենօրյա աշխատանքի ռեժիմ` ներառյալ շաբաթ և կիրակին, սակայն կոալիցիան այդ առաջարկը չի ընդունել և հանդես է եկել շաբաթական երկու անգամ  հանդիպումներ ունենալու առաջարկով, որը Կոնգրեսի ներկայացուցիչներն ընդունել են:

«Ընդունել ենք, որովհետև ի վերջո ժամանակը մեզ չի պետք, այլ իրենց, մենք մեր ժամանակային սահմանափակումները հստակ դրել ենք: Մեր անելիքները գիտենք և արդյունավետ բանակցությունների դեպքում, և դրանց տապալման դեպքում»,- ասել է  ՀԱԿ-ի պատվիրակության ղեկավարը:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե հնարավոր է արդյոք տեխնիկապես արտահերթ ընտրություններ անցկացնել հոկտեմբերին, Լևոն Զուրաբյանը պատասխանել է:

«Եթե Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս սեպտեմբերի 5-ին, ուրեմն հոկտեմբերի կեսերին արտահերթ ընտրություններ են տեղի ունենում` համաձայն ՀՀ Սահմանադրության պահանջների»: