Home / Հայաստան / Հայաստանում ցուրտ օդային հոսանքներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի

Հայաստանում ցուրտ օդային հոսանքներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի

Առաջիկա օրերին Հայաստանի Հանրապետությունում եղանակը պայմանավորված կլինի Սև ծովից տեղաշարժվող ցուրտ օդային ազդեցությամբ, ինչի արդյունքում կնկատվի օդի ջերմաստիճանի զգալի նվազում: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սիրունյանը:

«Ցուրտ օդային հոսանքները արդեն մեր տարածք են ներթափանցում առաջիկա ժամերից, և մինչև օգոստոսի 7-8-ը ներառյալ այդ ցուրտ օդի ներհոսքը շարունակվելու է: Այս հանգամանքով պայմանավորվաված ՝ արդեն այսօր հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը նվազելու է միջինը 2-4 աստիճանով, իսկ Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝  4-6 աստիճանով: Օդի ջերմաստիճանի նվազումը շարունակվելու է մինչ օգոստոսի 8-9-ը ներառյալ: Այսինքն՝ արդյունքում կստացվի, որ եթե այսօր մայրաքաղաքում մենք ունենք 38-39 ջերմաստիճան, ապա արդեն օգոստոսի 8-ին և 9-ին առավելագույն ջերամստիճանը մայրաքաղաքում և Արարատյան դաշտում չի գերազանցի 32 աստիճանը: Սյունիքի հովիտներում այն ավելի ցածր կլինի՝  մինչև 24 աստիճան, Մեղրիում և Կապանում այն չի գերազանցի 27 աստիճանը: Իսկ ահա վաղը միայն արևելյան շրջաններում՝ Լոռիում, Տավուշում և Սյունիքում, գիշերը և երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրևներ, ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 20 մետր վայրկյան արագությամբ»,- ասել է Սիրունյանը:

Ըստ օդերևութաբանական կանխատեսումների` Արարատյան դաշտում ամենուր է սպասվում քամու ուժգնացում՝ երեկոյան ժամերին լեռնահովտային բնույթի՝  մինչև 22 մ/վ արագությամբ:

«Մայրաքաղաքում նույն երևույթներն են սպասվում. այսօր-վաղը տեղումների հավանականությունը փոքր է, ջերմաստիճանը կլինի 35-36 աստիճան, իսկ արդեն օգոստոսի 7-ից ջերմաստիճանը կիջնի՝ ցերեկը կլինի 32-33 աստիճան, գիշերը՝ 18-20», – եզրափակել է օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետը: